Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին' Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հավատացելոց անունից ցավակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հետևորդներին:
«Այս ծանր պահին Մեր աղոթքներով ու մտքով զոհվածների ընտանիքների և Ձեզ հետ ենք», – նշել է Վեհափառ Հայրապետը՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Ամենազոր Աստծուն երկնային օթևաններում հանգստություն պարգևել զոհվածների հոգիներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին և Քույր Եկեղեցու բոլոր հավատացյալներին: