Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 5-ին ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են անմեղ անձեր, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 

Նորին Սրբությունը Միացյալ Թագավորության վարչապետին և ժողովրդին փոխանցել է Հայոց Եկեղեցու և նրա բարեպաշտ հավատացելոց սրտակցությունն ու զորակցությունը:

 

«Ահաբեկչությունը հակառակ է Աստծո կամքին: Չկա որևէ կրոն, ուսմունք կամ արժեքային համակարգ, որ արդարացնի ատելությունը, թշնամանքը և բռնությունը այլոց նկատմամբ, խրախուսի հույսերով առլեցուն մարդկային կյանքի ընդհատումը: Մենք խստորեն դատապարտում ենք կատարվածը և հույս հայտնում, որ հանդիման այս սոսկալի երևույթի' քաղաքակիրթ աշխարհը կմիավորի իր ջանքերը' հանուն խաղաղության ու մարդկության անվտանգ կյանքի», – նշված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին, Սուրբ Հոգու մխիթարություն' զոհվածների ընտանիքներին և Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին: Հայոց Հայրապետն Երկնավորի հովանին ու զորակցությունն է հայցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իշխանություններին' հաղթահարելու այս չարիքը և ապահովելու աստվածասեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ կյանքը: