Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք մեր շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքները Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:
Ուրախ ենք, որ Ձեր նախագահությամբ Իրանի հավատավոր ժողովուրդը շարունակում է եռանդուն աշխատանքով ապահովել հայրենի երկրի առաջընթացն ու զարգացումը:
Մեր ժողովուրդը մեծապես կարևորում է Հայաստանի և Իրանի դարավոր բարեկամական կապերի առավել ամրապնդումը և տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակցության զորացումը: Վստահ ենք, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրների հարաբերությունները պիտի արդյունավորվեն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ի շահ Իրանի և Հայաստանի առավել շենացման և մեր ժողովուրդների կյանքի բարօրության», – նշված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում: