Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար.
«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետեւից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու եւ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:
Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը՝ օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի եւ Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:
Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակել ու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը եւ քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը: