«Հայաստանում ներդրողների ակումբ»-ի ստեղծումից անցել է ընդամենը 10 օր, այս պահին դժվար է խոսել դրա արդյունքների մասին. «6 ամիս հարկավոր է, որպեսզի նկատելի լինի Հայաստանում կատարվող ներդրումների աճը»: Նման կարծիք այսօր՝ ապրիլի 10-ին արտահայտեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ պաշտոնապես տրվել էր «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը՝ Հայաստանում խորքային բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
Դիտարկմանը, թե դա նախընտրական շրջանում արված հայտարարություն էր և հնարավոր է՝ երկրորդ պլան մղվի և խոստացած ներդրումները իրականություն չդառնան, Կառլեն խաչատրյանը նկատում է. «Նախընտրական շրջանում ոչ միայն ներդրումների,այլեւ այլ ոլորտների մասով ուռճացված խոստումներ լսեցինք: Սակայն խոստումներին պետք է ժպիտով վերաբերել»:
Հետընտրական շրջանում բավականին ակնհայտ դարձավ պարենային շուկայում առաջացած գնաճը, շատերն այն որակեցին ընտրությունների ընթացքում թեկնածուների ծախսած գումարները հետ բերելու միջոց, տնտեսագետն, անդրադառնալով երևույթին, նկատեց. «Հաշվի առնելով ընտրական շրջանում տնտեսվարող սուբյեկտների վիճակը, հետընտրական պրոցեսում գուցե ագրեսիվ վարքագիծ դրսևորեն: Սակայն, չենք կարող ասել, որ շատ խուճապային կամ օրհասական խնդիր է»:
Տնտեսագետը հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակում կենտրոնական բանկը դրամավարկային գործիքների կիրառմամբ կկարողանա իրականացնել գնաճի զսպում: