Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սոցցանցում գրել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արցախի հարցում իր դիրքորոշման եւ նախկինում Արցախ այցելած լինելու համար: Սոլովյովն այդ մասին գրել է Բաքու այցելելուց հետո, որտեղ նա հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Ըստ տարածված տեղեկության, Ալիեւը նրան ներկայացրել է Արցախի խնդրում Բաքվի դիրքորոշումը:

Ուշագրավ մի իրավիճակ է ուրվագծվում. աշխարհին սև ցուցակով սպառնացող Բաքուն ոչ միայն չի չի ձերբակալում Արցախ բազմաթիվ անգամ այցելած ռուս լրագրողին, այլ ընդունում է նախագահի մակարդակով, և նույնիսկ նրա միջոցով հստակեցնում իր դիրքորոշումները՝ մի շարք առանցքային հարցերում:

Առաջին հայացքից՝ Բաքվի հրաժարումը սեփական սկզբունքներից՝ թվում է կասկածելի, չէ՞ որ Ադրբեջանը բազմիցս էր հայտարարել, որ իր համար միևնույնն է թե ով է լինելու այդ «զոհը», ցանկացած անձի, ով կայցելի Արցախ՝ կարգելվի մուտքը՝ Ադրբեջան: Փաստորեն, ռուս լրագրողի համար Ալիևը բացառություն է անում: Հարց՝ ինչո՞ւ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վլադիմիր Սոլովյովը չի դասվում շարքային լրագրողների դասին, վերջինիս ռուսական մեդիա դաշտում շատ ավելի մեծ դեր է հատկացվում, ինչպես և Դմիտրի Կիսիլյովը, Սոլովյովը հանդիսանում է ռուսական պրոպոգանդայի դեմքը և խոսափողը:

Սոլովյովն իրեն դիրքավորել է իբրև հայ ժողովրդի բարեկամ, բազմիցս եղել է Արցախում, հանդես եկել հայամետ հայտարարություններով: Վերջերս ռուս լրագրողը Հայաստանում էր, և ՌԴ-ում Հայաստանի դեսպանի համար ճակատագրական դեր խաղացած իր ասուլիսում մի շարք ակնարկներ էր արել՝ կապված ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության նախադրյալների մասին, որոնք, կարծես թե, լուրջ ուշադրության չարժանացան:

Սոլովյովը Հայաստանի հանրությանը փորձում էր ներկայացնել, թե լավ է, որ Ռուսաստանն է սպառազինություն վաճառում Ադրբեջանին, որովհետեւ այդպես նաեւ կառավարում է Բաքվին: Այսօր արդեն, Բաքու կատարած այցելության ֆոնին՝ այդ ակնարկները նոր երանգ և իմաստավորում են ստանում:

Փաստորեն, դեռևս Երևանում, ռուսական քարոզչական մեքենան, ի դեմս իր դրոշակակիր Սոլովյովի՝ փորձ էր կատարում արդարացնել ռուս-ադրբեջանական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, դրանում նաև մեր երկրի համար դրական երանգներ «պեղելով»: Այդ դրական երանգների ողջ դառնությունը մենք զգացինք Ապրիլյան պատերազմի օրերին: Հետևաբար, դժվար է Սոլովյովի նմանօրինակ փորձը հաջողված համարել:

Սակայն, ըստ Կրեմլի, հայ հանրությունը քիչ թե շատ՝ հոգեբանորեն պատրաստ է դրան, և արդեն իսկ ժամանակն էր այցելել Բաքու և առավել առարկայական քննարկել այդ հնարավոր համագործակցության խորացման նախադրյալները: Կասկածից վեր է, որ նման համագործակցությունը բխում է Բաքվի շահերից: Եվ արդյո՞ք Ալիևը աչք չէր փակի Արցախ՝ Սոլովյովի բազմաթիվ այցելությունների վրա, և նույնիսկ այն փաստի, որ այդ գործողությունների համար վերջինս չի պատրաստվում ներողություն խնդրել: Ներողության դեպքում՝ Սոլովյովը կդադարի հայ հանրության մտքի և գիտակցության վրա ազդող գործիք լինել, ինչը Կրեմլը որևէ կերպ թույլ տալ չի կարող:

Սոլովյովի առաքելությունն Ադրբեջան՝ բխում էր ռուս-ադրբեջանական տանդեմի ամրապնդման ՝ Մոսկվայի և Բաքվի համատեղ ցանկությունից: Այս պարագայում՝ փոքր ինչ չափազանցված է մեր հանրության արձագանքը Սոլովյովի «հայամետ» դիրքորոշմանը: Սոլովյովը Բաքու էր մեկնել մեկ նպատակով՝ լեգիտիմացնել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքի հեռանկարները: Այդ սուրբ առաքելության մոտ՝ Արցախի հանդեպ նրա դիրքորոշումն Ալիևի համար որևէ նշանակություն չունի:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ