ՀՀ իշխանությունները, այսպես ասած՝ բռնի եղանակով, առանց համայնքների բնակիչների կարծիքը հարցնելու՝ համայնքների խոշորացման ծրագիրն իրականացնելով, իրականում ի՞նչ նպատակներ են հետապնդում:
Եթե որևէ մեկը կպնդի, որ համայնքների խոշորացումը մեր երկրի դեպքում արդյունավետ լուծում է, ապա բերենք մի քանի օրինակ: Արփի համայնքի փնջում տասը համայնքներ են նախատեսված, որ միավորվեն, բայց համայնքի կենտրոնն ունի ընդամենը 200 բնակիչ: Որպես կանոն՝ համայնքները պետք է միավորվեն համեմատաբար խոշոր համայնքների շուրջ: Նոր համայնքի կենտրոնն առնվազն 3000 բնակիչ պետք է ունենա: Տասը համայնքներ միավորվում են, կենտրոնն ունի 200 բնակիչ, ամբողջ համայնքը՝ 1700 բնակիչ: Ի՞նչ զարգացում կարող է ապահովել խոշորացումը: Այն չի կարող որեւէ դրական արդյունք տալ. գոնե առաջիկա մի հինգ տարիների ընթացքում այդտեղի բնակիչը որեւէ դրական բան չի տեսնելու: Եւս մեկ օրինակ. Ջերմուկին են միավորվելու ոչ միայն Գնդեվազը, այլ նաեւ Հերհեր եւ Կարմրաշեն համայնքները: Սակայն ուշագրավ է, որ այս համայնքներից ուղիղ գծով ճանապարհ չկա դեպի Ջերմուկ: Պատմականորեն այս երկու համայնքներն ավելի շատ Վայքին են մոտ. խոշորացման հետքը տանելու էր ոչ թե Ջերմուկ, այլ Վայք, եւ եթե կարճ ժամանակահատվածում ճանապարհներ չկառուցվեն, խոշորացումը կդառնա ձեւական գործընթացի բաղկացուցիչ մաս, այդ համայնքները երբեք էլ չեն ինտեգրվի, մաս չեն կազմի Ջերմուկին:
Իհարկե, կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները կառուցողական շեշտադրումներ են պարունակում, որ պիլոտային ծրագրի միջոցով իրականացվող գործընթացը հանգեցնելու է համայնքների զարգացմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, ՏԻՄ մարմինների ուժեղացմանը եւ այլն: Սակայն համայնքների խոշորացման ծրագիրն իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում, ինչը եւ բազմաթիվ համայնքներում հանգեցնում է մասսայական դժգոհության: Կա մտավախություն, որ գործող իշխանությունների նպատակը նախ եւ առաջ առաջիկա ընտրական պրոցեսներն ավելի վերահսկելի դարձնելն է: Ամեն ինչ շատ պարզ է՝ ավելի հեշտ է վերահսկողության տակ պահել, հրահանգներ տալ եւ պատասխանատվության կանչել, ասենք, 200 համայնքի ղեկավարի, քան՝ ավելի քան 900: Պարզ ասած՝ խոշորացման ծրագրի գերխնդիրը, որն իրենց առաջ դրել են իշխանությունները, հետեւյալն է՝ հաջողության հասնել առաջիկա ընտրություններում, զուգահեռաբար, ծրագրի իրականացման ընթացքում՝ լրջագույն ֆինանսավորում ստանալ միջազգային կազմակերպություններից, որոնք հիմնականում աջակցում են այս ծրագրին:
Երկու խնդիր լուծելուն զուգահեռ, եթե որոշ համայնքներում նաեւ կոսմետիկ բնույթի ինչ-ինչ աշխատանքներ կատարվեն, ուրեմն ծրագիրը որոշ ժամանակ հետո կհամարեն հաջողված եւ դոնոր կազմակերպություններից կակնկալեն ֆինանսական այլ հոսքեր՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար: Գործընթացը փուլային է, եւ չկա կոնկրետ ժամանակահատված, թե երբ կավարտվի համայնքների խոշորացման ծրագիրը Հայաստանում: Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններն ավելի մրցակցային են լինում խոշոր համայնքներում, որովհետև կառավարել խոշոր համայնքը, ինչպիսին պետք է լինի ընտրությունների արդյունքները, անհնարին է։ Ավելի հեշտ է փոքր համայնքում, որտեղ բոլորը իրար ճանաչում են և մի հատ էլ համայնքապետ կա՝ քյոխվա, որը որ կողմ ասում է, էն կողմ էլ կանգնում են: Այսինքն, մենք նույն տոհմացեղային կապերով, նույն վարչական ռեսուրսի չարաշահմամբ ուղեկցվող ընտրություններ ենք ունենալու, ներկայիս գյուղապետերը պարզապես կլինեն ներկայացուցիչներ տարբեր համայնքներում:
Ստելլա Խաչատրյան