Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ամերիկյան իսթեբլիշմենթի առանցքային գործիչներից մեկը՝ Ջոն Բոլթոնը: Այցը միանշանակ կարելի է պատմական անվանել, այն պարզ պատճառով, որ մեր նման երկիրը հաճախ չէ, որ արժանանում է նման բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության:
Հայաստան ժամանելուց առաջ Բոլթոնը եղել է Մոսկվայում և Բաքվում: Հասկանալի է, որ այս եռանկյունին բնավ էլ պատահական չէ և բարձրաստիճան հյուրի օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի նոր իշխանությունների հետ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելը: Թե՛ Մոսկվայում, թե՛ Բաքվում Բոլթոնի հնչեցրած հայտարարությունների տողատակը մեկն է՝ ԱՄՆ-ն կողմ է Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսում ստատուս-քվոյի պահպանմանը: Քանի որ պաշտոնական Մոսկվայից դեռևս չեն հնչել Բոլթոնի հայտարարություններին հակազդող մեսիջներ, կարող ենք ասել, որ այս հարցում երկու գերտերությունների մոտեցումները համընկնում են: Խնդիրը, ինչպես ասում են՝ Բաքվին համոզելն է, իսկ Բաքուն չի էլ թաքցնում, որ ակնդետ սպասում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտին, որպեսզի վերսկսի բանակցությունները արդեն Փաշինյանի հետ, ում, ըստ Ալիևի՝ որևէ զիջում պարտադրելն ավելի հեշտ կլինի, քան Արցախյան ռազմաճակատում քաղաքական կնունք ստացած Քոչարյանին և Սարգսյանին:
Բոլթոնի հայաստանյան այցի օրակարգում թերևս Հայաստանի իշխանություններից որոշակի երաշխիքներ ստանալն է, որ Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությունը չի անցնի հումանիտար օպերացիայի սահմանները: Հասկանալի է, որ սա անչափ նուրբ և ցավոտ հարց է ԱՄՆ-ի համար և Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվում ապացուցելու բարձրաստիճան հյուրին, որ ԱՄՆ ազգային անվտանգության համար Հայաստանի այս քայլը որևէ վտանգ չի ներկայացնում: Մյուս կողմից, Փաշինյանին դեռևս չի հաջողվել անգամ սեփական հանրությանը համոզել նրանում, որ Սիրիա մտնելը որևէ կերպ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:
Բոլթոնը Հայաստանում անշուշտ կքննարկի նաև ամերիկյան բիզնեսի ճակատագիրը: Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ամերիկյան բիզնեսի շահերի պաշտպանությունը արտերկրում համարվում է ազգային անվտանգության խնդիր: Եվ այստեղ, իհարկե, ԱՄՆ մտահոգվելու տեղ ունի, մասնավորապես, Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան»-ի ոդիսականի ֆոնին: Չի բացառվում, որ Բոլթոնը լիազորված է Փաշինյանի հետ քննարկել նաև այս ցավոտ խնդիրը և ինչու ոչ՝ շտապեցնել Հայաստանի իշխանություններին՝ դրան լուծում գտնելու հարցում:
Բոլթոնի այցն անչափ կարևոր է նաև վարչապետ Փաշինյանի համար: Բանն այն է, որ Արևմուտքի հետ հարաբերություններն ունեն զարգացման լուրջ պոտենցիալ և բնավ էլ Հայաստանում տիրող անկայուն քաղաքական իրավիճակը չէ դանդաղ առաջընթացի պատճառը: Հասկանալով այս ամենը, Փաշինյանն ինքն է ԱՄՆ հետ լեզու գտնելու ջանքեր գործադրում: Ի դեպ, օրերս Փաշինյանը խնդրել էր ՌԴ Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանին՝ Հայաստան հրավիրել ԱՄՆ-ում ոչ պակաս առանցքային դիվանագետի, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, Թրամփի մտերիմ ընկեր Ռուդոլֆ Ջուլիանիին: Վերջինիս այցը Հայաստան՝ կարծես թե բավական արդյունավետ է անցել, քանի որ Հայաստանի իշխանությունները հասկանում են Արևմուտքում Հայաստանի շահերի լոբբինգի ակտիվացման անհրաժեշտությունը:
Ստելլա Խաչատրյան