Երեկ Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Հայտնի է, որ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լևինը:
Ինչո՞վ է առանձնահատուկ ամերիկյան պատվիրակությանն այս այցը, և ի՞նչ կարելի է ակնկալել նրանց ժամանումից՝ հատկապես հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ի հայտ եկած որոշակի տարաձայնությունների պայմաններում։
«Ամերիկյան կոնգրեսական պատվիրակության այցի նպատակը ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունն է՝ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից։ Սովորաբար ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այս ձևաչափը համագործակցում է այն պետությունների հետ, որոնք ժողովրդավար են կամ բռնել են ժողովրդավարության ուղին»,-նկատեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
ԼՈՒՐԵՐ․ com-ի զրուցակցի խոսքով, ամերիկյան օրենսդիրների այս ձևաչափը կապեր է հաստատել մեր տարածաշրջանի մի քանի երկրների հետ, օրինակ՝ նախկին ԽՍՀՄ տարածքից՝ հիմնականում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի հետ․
«Եվրոպա կամ Հարավային Կովկաս այցելությունները հիմնականում լինում են Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում, բայց, հաշվի առնելով, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առայժմ հայտնի չէ, թե արդյոք կոնգրեսական պատվիրակությունը կհանդիպի նաև Կիևի իշխանությունների հետ»։
Սարգսյանը նշեց, որ կոնգրեսականների հայաստանյան այցը քաղաքական առումով նույն կարևորությունը չունի, ինչ Նենսի Փելոսիի դեպքում էր, որի այցելության ժամանակ հնչեցին քաղաքական կարևոր ուղերձներ, որոնք ուղղված էին թե Ռուսաստանին, թե Իրանին և թե Թուրքիային ու Ադրբեջանին։
«Հաշվի առնելով պատվիրականության կազմում եղած խորհրդարանականների արտաքին քաղաքական կողմնորոշումները, նրանց ընդգրկվածությունը Կոնգրեսի տարբեր հանձնախմբերում և այլն, այս այցը պետք է դիտարկել որպես միջպառլամենտական համագործակցության հնարավորություն»,-եզրափակեց միջազգայնագետը։
Արա Ալոյան