«Մենք քննարկեցինք Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպը: Համարում եմ, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը»,-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս խոսքերն արտասանել է երեկ Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ավարտին հետևած մամուլի ասուլիսում:

 


Բովանդակային առումով՝ դժվար է վիճարկել Հայաստանի նախագահի ասածը, որովհետև սիրիական հարցով Անկարայի դիրքորոշումը հասկանալի չէ ոչ միայն Երևանում կամ Մոսկվայում, այլ նաև՝ արևմտյան շատ մարաքաղաքներում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռված է սիրական ճգնաժամի իրական հաղթահարմամբ, որքան՝ Ասադի ռեժիմի տապալմամբ:

 

Օրինակ, նույն Վաշինգտոնում Ասադի հեռացման հարցն այլևս նույն արմատականությամբ չի դրվում. ամերիկյան պաշտոնական շրջանակները համարում են, որ այսօր գլխավոր խնդիրը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է, որում կարևորում են նաև Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը: Բնավ պատահական չէր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Մոսկվա, ռուս-ամերիկյան համատեղ նախաձեռնության արդյունքում ծնված ՄԱԿ ԱԽ բանաձևը:

 

Մյուս կողմից՝ շատերը հենց Ռուսաստանին են մեղադրում՝ Սիրիայում վիճակն ապակայունացնելու համար: Արևմտյան մի շարք մայրաքաղաքներում ասում են, որ ռուսական օդուժի թիրախն ոչ թե «Իսլամական պետության» գրոհայիններն են, այլ՝ Ասադի դեմ պայքարող չափավոր ընդդիմադիրները:

 

Սակայն վերադառնանք մեր երկրի նախագահի խոսքին:

 

Այն ադեկվատ է նաև այն առումով, որ Հայաստանը համերաշխվում է երկրի հետ, որն իր ռազմավարական դաշնակիցն է՝ թե երկողմ հարաբերությունների, թե կոլեկտիվ անվտանգության տեսանկյունից:

 

Սակայն հենց այստեղ է, որ առաջանում են բազմաթիվ հարցադրումներ՝ կապված նույն Ռուսաստանի վարքագծի հետ ու ոչ միայն՝ Ռուսաստանի:

 

Հայաստանը նույնպես՝ ՀԱՊԿ անդամ է ու իրավունք ունի ակնկալել իր դաշնակիցների աջակցությունն, երբ ենթարկվում է Ադրբեջանի ոտնձգություններին:

 

Սակայն ՀԱՊԿ-ն լռում է նաև այս օրերին, երբ չեն դադարում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները: ՀԱՊԿ-ն ու նրա անդամ երկրների ղեկավարները լռեցին անգամ երեկ, երբ Սերժ Սարգսյանն, ըստ էության, նրանց մեղադրեց անտարբերության մեջ: Իհարկե, միշտ կարելի է արդարացումներ գտնել, ասել, թե Ռուսաստանը պահպանում է չեզոքություն՝ որպես միջնորդ երկիր, Ադրբեջանին զենք է վաճառում՝ կոմերցիոն նկատառումներից ելնելով: Մյուսներն էլ կասեն, թե ՀԱՊԿ-ն չի արձագանքում, որովհետև Ադրբեջանի հարձակման թիրախն ոչ թե Հայաստանն է, այլ՝ Արցախը:

 

Մի խոսքով՝ միշտ կարելի է արդարացումներ ու պատճառաբանություններ գտնել, սակայն փաստն այն է, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանը հանդես է գալիս չեզոքության դիրքերից՝ պահպանելով պարիտետն Ադրբեջանի ու Հայաստանի միջև, Բելառուսն ու Ղազախստանը բացահայտորեն զբաղված են Բաքվի լոբբինգով:

 

Կա նաև մեկ այլ դաժան իրականություն. Հայաստանին ՀԱՊԿ տարել է ոչ այնքան անվտանգության ապահովման գործոնը, որքան՝ տարածաշրջանի միլիտարիզացիայի բարձր մակարդակը, իրական անվտագության այլընտրանքային մոդելի բացակայությունը, Մոսկվայի բացահայտ շանտաժը:

 

Պատահական չէ, որ միջազգային հարցերում Հայաստանի ղեկավարներն ասում են բաներ, որոնք հաճո են Կրեմլին՝ վերջինին չնեղացնելու ու ռուսական կոշտ քաղաքականության թիրախ չդառնալու համար:


Սուրեն Սուրենյանց