Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Կովկասում դաշնակցի «կողքը կանգնել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի՝ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։
«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներգրավում, կմշակվեն նաև որոշակի ծրագրեր, և կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն պաշտպանել իրենց դաշնակցին կովկասյան տարածաշրջանում»,- Սիդորովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։