Հունիսին իր աշխատանքները կսկսի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, այս մասին հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը՝ հավելելով, որ Կարսից դեպի Բաքու՝ կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին կշարունակվի մինչև Ղազախստան ու Թուրքմենստան՝ հասնելով մինչև Չինաստան:

Նախագծի իրականացման հիմնական նպատակն է՝ ապահովել Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային այլընտրանքային կապը, ինչպես նաեւ թուլացնել այս հարցում Ռուսաստանի դերակատարությունը: Սակայն ծրագիրն ավելի ուշադիր ուսումնասիրելիս՝ հասկանում ենք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, եւ թե՛ Վրաստանը առանձին-առանձին իրենց շահերն են հետապնդում:

Թուրքիայի համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Այն առավել կընդգծի Թուրքիայի տարածաշրջանային դերը և կամրապնդի այդ երկրի՝ որպես էներգետիկ հանգույց դառնալու հիմքերը: Վրաստանի համար ավելի շոշափելի կդառնան տարածաշրջանում տարանցիկ, տրանզիտային երկիր լինելու առավելությունները: Ադրբեջանի համար երկաթգիծը կարեւոր է այն առումով, որ այն հավելյալ տրանսպորտային ուղի է դեպի Թուրքիա եւ Եվրոպա:

Հենց այս տարբեր հետաքրքրությունների տեսանկյունից էլ կողմերի միջեւ առաջանում է շահերի բախում, որտեղ Հայաստանը պետք է փնտրի եւ արտահայտի իր ասելիքը: Ծրագրի նպատակն է՝ նախ եւ առաջ ամրապնդել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերը, նպաստել առեւտրաշրջանառության եւ ուղեւորափոխադրումների ծավալի աճին, իսկ հետագայում ծառայել որպես հավելյալ հնարավորություն՝ Միջին Ասիայի եւ Կասպյան ավազանի պաշարները դեպի եվրոպական շուկաներ արտահանման համար: Պետք է տարբերակել նպատակը, միջոցը եւ հետեւանքը: Այժմ Հայաստանի ընտրությունն է՝ նախագիծը դիտարկել որպես մեկուսացում, թե հնարավորություն:

Անշուշտ, այս նախագծի կյանքի կոչվելը տարածաշրջանում նոր քաղաքական և տնտեսական իրադրություն է ստեղծում, ձևավորվում է նոր առանցք, որից Հայաստանը դուրս է մնում՝ խորացնելով շրջափակման հետևանքով կրած վնասները: Ի՞նչ են արել կամ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ կանխելու համար իրերի նման զարգացումը: Գրեթե ոչինչ: Սահմանափակվել ենք բաժակաճառային մակարդակի հայտարարություններով, այդպես էլ չյուրացնելով հարևանների հետ ճկուն դիվանագիտություն վարելու գործիքակազմը: Սեփական շահը առաջ մղելու մասին կարելի է նույնիսկ չխոսել:

Տարածաշրջանում Հայաստանը տարիներ ի վեր զուտ դիտորդի կարգավիճակում է և կապել ստեղծված իրավիճակը միմիայն արցախյան հիմնահարցի լուծված չլինելու հետ՝ անմտություն է: Իշխանությունների բարի ցանկությունների շարքից էր նաև Լարսին այլընտրանք գտնելը: Վարչապետ Կարապետյանի այցը Վրաստան, ապա բառացիորեն երեկ՝ այդ երկրի ԱԳ նախարարի այցը մեր երկիր՝ ապացուցեցին՝ ի վիճակի չենք անգամ անցակետի խնդիր լուծել:

Մի անցակետի, որը կենսական նշանակություն ունի մեր պետության անվտանգության և կենսունակության համար: Այնինչ, մինչ մենք նման պրիմիտիվ հարցերի լուծմամբ ենք ծանրաբեռնում մեր քաղաքական «միտքը», մեր շուրջ ծավալվում են անկասելի և վտանգավոր գործընթացներ, որոնց մենք արձագանքում ենք լավագույն դեպքում՝ ուշացած և ոչ ադեկվատ:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փորձում են դարձնել ՀՀ եւ ԼՂՀ շրջափակման խորհրդանիշը: Իհարկե, առանց այս երկաթուղու էլ ադրբեջանա-վրացա-թուրքական կապը միշտ փորձում է շրջանցել Հայաստանը՝ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում: Բայց վերոնշյալ նախագծից բացի՝ ապագայում սպասվում է Կարս-Իգդիր-Նախիջեւան եւ Աստարա-Ռեշտ-Ղազվին (Լենքորանի մոտակայքից մինչեւ Թեհրանի մատույցներ) գծերի կառուցումը, որոնցով այսպես կոչված «երկաթե օղակի» մտահղացումը իրական կարող է դառնալ:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ