2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո սպասվում է գործող կառավարության հրաժարականը, որից հետո ձևավորվելու է նոր կառավարություն:

 

Ազգային ժողովում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ պաշտոնապես մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուն գործող վարչապետ Կարեն Կարապետյանն է: Եթե վարչապետի թեկնածուի պահով ամեն ինչ հստակ է, ապա կառավարության մնացած կազմի շուրջ կարծես թե դեռևս հստակություն չկա: Կառավարության կազմի ընտրությունը խիստ կարևոր է գործող քաղաքական իշխանության համար: Այդ կազմով հստակեցվում է, թե ովքեր են տիրանալու վարչական կարևոր լծակներին, ինչպես և ովքեր են վերահսկելու երկրում նյութական ռեսուրսների բաշխման գործընթացը և այլն: Խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո գալիս է ավարը բաժանելու կամ վերաբաշխելու ժամանակը: Բաշխման այդ գործընթացը համարվել է Սերժ Սարգսյանի մենաշնորհը, ով ըստ իր հայեցողության բաշխել է պետության առանցքային պաշտոնները:


Բացառված չէ, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանից մի քանի անգամ բարձր վարկանիշ ունեցող գործող վարչապետ Կարեն Կարապետյանն այս անգամ փորձում է էական մասնակցություն ունենալ ավարի բաշխման գործընթացում և որոշակի ինքնուրույն քայլեր անել: Ինչը, բնականաբար, չի կարող գոհացնել երկիրը միանձնյա կառավարելու սովորություն ունեցող գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Կարեն Կարապետյանը սեփական կամքով օգտագործվեց ՀՀԿ-ի սահուն վերարտադրությունը կազմակերպելու գործում, և այժմ նրա քաղաքական ապագան ՀՀ բարձրագույն իշխանության կազմում կախված է Սերժ Սարգսյանի նկատմամբ նրա լոյալության աստիճանից, եթե, իհարկե, Կարեն Կարապետյանը համարձակություն չունենա ձեռնոց նետելու Սերժ Սարգսյանին ու այս փուլում առնվազն հասնելու երկիշխանության: Հայաստանում փոփոխության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասում է, որ Հայաստանում պետք է փոխվի որոշումների կայացման ընթացակարգը, փոխվի էլիտայի դերը, հանրության հետ էլիտայի հարաբերությունը: Դրանք հիմնարար խնդիրներ են, որ մատնանշում է Կարեն Կարապետյանը, փաստացի ակնարկելով Հայաստանում որոշումների կայացման ստվերային, փակ համակարգը, կուլիսային, պալատական մեխանիզմի առկայությունը:


Միևնույն ժամանակ , Կարեն Կարապետյանը փաստորեն ակնարկում է, որ հայկական էլիտան հնացել է և այն փոխելը դարձել է հրամայական: Այս պնդումը միանշանակ ճշմարտացի է, այլ հարց է թե ում է տեսնում Կարեն Կարապետյանը նոր էլիտայի դերում: Հոկտեմբերին Կարեն Կարապետյանի շուրջ դրական էֆեկտ առաջացավ ոչ թե նոր կառավարության կազմի կամ գործունեության, այլ այն բանի շնորհիվ, որ նա չէր ասոցացվում համակարգի հետ ու մի քանի օդիոզի հեռացրեց պաշտոններից: Թերևս նոր ոգու կրողը պետք է լինի հենց վարչապետի թիմը, և այս պահին քաղաքական համակարգում ընթացող կուլիսային պայքարը հենց հին և նոր ոգու միջև է ընթանում, ասել է թե հին և նոր էլիտաների: Միևնույն ժամանակ նոր էլիտան պետք է որակապես այլ հարթության մեջ գործի, արդյոք Կարեն Կարեպետյանը և իր թիմը տիրապետում են այն լծակներին, որոնք ի վերջո թույլ կտան իրագործել էլիտայի դերի և հանրության հետ հարաբերակցվելու տրանսֆորմացիան:

 

Ինչպես գիտենք որոշումների կայացման ընթացակարգը որոշվում է հենց քաղաքական էլիտայի կողմից, հետևաբար Կարեն Կարապետյանի ցանկությունը՝ փոխել էլիտան ենթադրում է նաև փոխել որոշումները կայացնողներին, այսինքն՝ վերցնել համապատասխան գործիքակազմը և հարկ եղած դեպքում այն օգտագործել իբրև քաղաքական մահակ՝ պոտենցիալ մրցակիցների դեմ: Կարեն Կարապետյանը Հայաստանում փոփոխության ենթակա իրողությունների թվարկումով է ցույց տալիս նաև, որ դեմ է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային: Քանի որ քաջ գիտակցում է՝ կառավարության գլխին «համատեղ որոշումների վերկառավարական» կոալիցիոն մեխանիզմը այս պահին քաղաքական մահակ է հենց իր դեմ:


Կարեն Կարապետյանն ակնարկում է, որ իր հավակնությունը փոփոխության հավակնությունն է, իսկ Սերժ Սարգսյանինը՝ իշխանություն պահելու, իշխանության ձգտման հավակնություն, լինի դա անմիջապես Սարգսյանի դեմքով, թե վարչապետ Կարապետյանից ավելի նախընտրելի թեկնածուի: Կարապետյանը բավական նրբորեն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանը իշխանության ձգտումից բացի չի կարող ունենալ 2018-ին այլ վարչապետի որևէ այլ շարժառիթ, հետևաբար, եթե գնում է դրան, ապա խոսքն ընդամենը իշխանության ձգտման մասին է:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ