Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններում գլխավոր իրադարձություններից մեկը կլինի Վիեննայում՝ դեկտեմբերի 6-7-ին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպելու է Հայաստանի ԱԳ նախարարին: Այս վեհաժողովին ներկա են լինելու նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները, իսկ Լավրովի ու Թիլերսոնի հանդիպման մասին արդեն հայտարարվել է: Տարբեր ատյաններից Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների շքերթը վկայում է, որ որոշակի կոնսենսուս կա: Կոնսենսուսի տրամաբանությունն անձամբ Թիլերսոնն է հայտարարել մոտ մեկ ամիս առաջ: Դրա էությունն այն է, որ Ղարաբաղում ռազմական գործողություններն անթույլատրելի են, այնտեղ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, իսկ կարգավորմամբ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվի: Այսինքն, ավելի քան հնարավոր է, որ կողմերը համաձայնության գան Վիեննայի օրակարգի շուրջ:
 
Հայաստանը վերջերս է վերադարձել այդ օրակարգին: Ի դեպ, հարց է, թե ինչո՞ւ Սարգսյանը երկար տևած լռությունից հետո ի վերջո վերադարձավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին: Դրան նախորդել էին հետևյալ իրադարձությունները՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան, վերադառնալով Վաշինգտոնից, հայտարարել էր, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու: Մինսկի խումբը շարունակում է աշխատել, Մինսկի խումբն ունի ինչ-որ առաջարկներ հակամարտող կողմերին: Այդ առաջարկություններում հստակեցվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պայմանները, հետևաբար, հաջողությամբ չպսակվեցին Սարգսյանի և Ալիևի՝ այս ձևաչափից դուրս գալու փորձերը: Ահա ամենը, ինչ կարելի է ասել այս հարցի մասին: Ամեն ինչ վերադառնում է ստատուս-քվոյի վիճակին: Ըստ երևույթին, Մինսկի խմբում կա որոշակի փոխհամաձայնություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև, որ առաջինը ստատուս-քվո, երկրորդը՝ մշտադիտարկման մեխանիզմներ շփման գծի երկայնքով, երրորդը՝ Կասպրշիկի, այսինքն՝ միջազգային դիտորդների լիազորությունների ընդլայնում: Դրանից հետո Ադրբեջանը պարզապես ստիպված կլինի ստորագրել խաղաղ համաձայնագիր: Իսկ ի՞նչ է խաղաղ համաձայնագիրը: Ե՛վ Հայաստանը, և՛ նույնիսկ Ադրբեջանն ասում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, Երևանն, իհարկե, ավելի հաճախ է խոսում խաղաղ կարգավորման իր հանձնառության մասին, բայց դրանք ընդամենը խոսքեր են, իսկ հիմա պետք են կոնկրետ քայլեր, հարկավոր է համապատասխան փաստաթուղթ, որ մենք վարելու ենք խաղաղ բանակցությունների կարգավորման նպատակով՝ առանց ուժային գործոնի կիրառման: Այժմ Մինսկի խումբը պետք է հասնի նրան, որ Երևանի և Բաքվի միջև ստորագրվի խաղաղ համաձայնագիր, որտեղ իրավականորեն ձևակերպված կլինի, որ կողմերը հրաժարվում են հակամարտության ռազմական լուծումից և անցնում են բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության:
 
Այս ընթացքում Հայաստանը, փաստացի, քաղաքական լուրջ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից ու եվրոպական կառույցներից՝ Վիեննայի օրակարգի շեշտադրմամբ: Դրական ուղերձ կարող ենք համարել նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունած հայտարարությունը, որը Ադրբեջանում հակասական է ընդունվել: Դրան հարկավոր է գումարել նաև այն փաստը, որ 2018-ին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է գործնական հաջողություններ արձանագրել բանակցություններում: Այս տեսանկյունից Վիեննայում ԱԳՆ ղեկավարների հանդիպումը իրապես կարող է շրջադարձային լինել:
 
 
Ստելլա Խաչատրյան