Հայաստանի սննդամթերքի շուկան անվստահելի է, սա հաճախ են կրկնում սննդի ոլորտում աշխատող փորձագետները, և դա մեծամասամբ պայմանավորված է ստուգումների ցածր մակարդակով: Ոլորտի պատասխանատու՝ Սննդի անվտանգության պետական ծառայությունը սննդի ստուգումը չի վստահում մասնավոր լաբորատորիաներին, իսկ մասնավորները՝ պետական լաբորատորիաներին: «Եթե որևիցե բան վաճառվում է և հակառակ բանը չի ապացուցվել, հետևապես՝ ինքն անվտանգ է»,- նախօրեին ասել է Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Վերջինս ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը, ճարտարագետ-տնտեսագետի որակավորում է ստացել: ՍԱՊԾ է տեղափոխվել «Գազպրոմ-Արմենիա»-ից: Կարճ ասած՝ նա մասնագետ չէ և նրա հայտարարությունը, թե՝ եթե վաճառվում է, հետևաբար՝ անվտանգ է, պարզ ապացույց է, որ սննդի անվտանգություն ասվածը նրա համար վերերկրային կատեգորիա է:
Ընդ որում. ոչ միայն Կարապետյանը, այլ ողջ կառույցը չի փայլում մասնագիտական բարձր որակներով: Այս կառույցի հայտարարությունները իրարամերժ են, օրինակ, կապված ադրբեջանական խնձորի, մանկական կերերի, պաղպաղակի շուկայի հետ: Երևանի քաղաքապետարանը երկու տարի է՝ առանց ՍԱՊԾ-ի՝ մանկապարտեզների համար սպանդանոցային ծագման մսի վաճառքի տենդեր է հայտարարում, մեկ անգամ ՍԱՊԾ-ն ստուգե՞լ է: Իհա՛րկե ոչ: Իշխան Կարապետյանի ղեկավարած կառույցը նախընտրում է աչք փակել և հայտարարել, որ այն, ինչ վաճառվում է, միանշանակ անվտանգ է: Սա ավելի քան տարօրինակ հայտարարություն է, որը կասկածի տակ է դնում ողջ կառույցի կոմպետենտությունը: Կարապետյանի ՍԱՊԾ-ն մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ թե շուկայում անցկացված արդյունավետ մոնիտորինգի, այլ՝ մեկը մյուսին հաջորդող սկանդալների պատճառով: Չէին հասցրել գերատեսչությունում մարսել ՊՆ-ին կարագի տեղ մարգարին մատակարարելու գործով մի շարք աշխատակիցների դեմ հարուցված գործերը, հիմա էլ ներքին խժդժություններ են ի հայտ եկել: Ըստ մամուլում առկա վերջին հրապարակումների՝ ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլեւս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի եւ Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա:
Ստեղծված իրավիճակում ՍԱՊԾ պետը կարող էր իր տարեվերջյան ասուլիսն առավել ռացիոնալ օգտագործել՝ ոչինչ չասող թվեր ներկայացնելու փոխարեն՝ պատասխանելով հանրությանը հուզող մի շարք հարցերի: Օրինակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ ոլորտում իրականացվում է հանրային վերահսկողություն՝ գրանցվում է խայտառակ պատկեր։ Կամ ինպե՞ս է ստացվում, որ իրենք գործում են «օրենքի շրջանակում», իսկ դատարանները հակառակն են ապացուցում։
Ստելլա Խաչատրյան