Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը պատրաստվում է Դանիայի Կոլդինգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ այժմ ավելի լավ մարզավիճակում է, քան նախորդ տարի.
«Այժմ մարզվում եմ հորս' Հրաչյա Պողոսանի գլխավորությամբ: Մեզ օգնում է ԱՄԷ-ից ժամանած մի մարզիչ' Ալի Դաշտհանին: Նա Հայաստան է եկել հանգստանալու նպատակով, բայց իմանալով իմ մասին' օգնում է ինձ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Կմարզվենք մինչեւ ապրիլի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնեմ Դանիա:
Մարզվում եմ օրական երկու անգամ: Ուշադրություն ենք դարձնում տեխնիկային, տակտիկային, ֆիզիկական պատրաստվածությանը: Նախորդ տարվա համեմատ շատ ավելի լավ մարզավիճակում եմ: Կարծում եմ' հաջող հանդես կգամ առաջնությունում»,- ասաց բադմինտոնիստը:
Պողոսյանն աշխարհամասի առաջնությունից հետո Դանիայի մեկ այլ' Հոլբեկ քաղաքում կմասնակցի Եվրոպայի կոնֆեդերացիայի կազմակերպած հավաքին: Նա ընտրվել է «Centre of Excellence» ծրագրի անդամ.
«Առաջնությունից հետո հնգօրյա հավաք կունենանք նույն երկրում: Կծանոթանանք մարզիչների հետ, նաեւ ծրագրի պայմաններին: Իսկ սեպտեմբերից պետք է մարզվեմ եւ սովորեմ Դանիայում: Այլ երկրներից եւս 10-11 մարզիկ է ընդգրկված այդ ծրագրում: Օրական երկու մարզում կունենանք:
Եվրոպայի կոնֆեդերացիայի հավաքին մեկ անգամ արդեն մասնակցել եմ: Մեծ փորձ եմ կուտակում: Տարբեր երկրներից ուժեղ մարզիկների հետ խաղալով, ավելի եմ հմտանում: Իսկ Հայաստանում բոլորի խաղը շատ լավ գիտեմ, մրցակցություն չկա:
Գլխավոր նպատակս 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն է»,- նշեց Լիլիթ Պողոսյանը:
Բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 25-30-ը: