armnoc.am Հունիսի 28-ից Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Մինչև 20 տարեկանների ազգային ընտրանին էլ նախապատրաստվում է հուլիսին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Այս օրերին հավաքականները մարզումներ և ստուգողական հանդիպումներ են անցկացնում Երևանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը խոսեց տարվող աշխատանքների, ակնկալիքների և թիմերի մասին:
-Պարոն Պողոսյան, Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ունի նոր մարզիչ՝ Տիգրան Գյոկչյանը, ինչո՞ւ ֆեդերացիայի ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:
-Տիգրան Գյոկչյանը ծնվել և մեծացել է Հայաստանում: Որպես բասկետբոլիստ կայացել է հենց այստեղ: Այնուհետև տեղափոխվել է Լիբանան, որտեղ դարձել է առաջատար խաղացող և ապա մարզիչ: Մարզել է Լիբանանի տարբեր տարիքի հավաքականները, աշխատել է Լիբանանի ազգային հավաքականում, իսկ այժմ գլխավորում է լիբանանյան հայտնի ակումբներից մեկը: Մեր խնդիրը թիմում շատ հայեր ընդգրկելն է: Քանի որ միայն դրա շնորհիվ հայկական բասկետբոլը վերածնունդ կապրի:
-Ի՞նչ խնդիրներ ունի լուծելու Հայաստանի բասկետբոլի հավաքականը:
-Այժմ Հայաստանի ազգային հավաքակնն իր առաջ խնդիր ունի դառնալ Փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: Հենց այդ չեմպիոնությունը կլինի հայկական բասկետբոլի վերածննդի սկիզբը:
-Ինչպե՞ս եք կատարել խաղացողների ընտրությունը:
-Շատ բարդ: Հայ բասկետբոլիստները սփռված են ամբողջ աշխարհով: Սկզբում մենք պարզում էինք, որ տվյալ խաղացողը հայ է, այնուհետև կապվում էինք ծնողների, մարզիչների և գործակալների հետ: Ցավոք ոչ բոլորին կարողացանք ընդգրկել Հայաստանի հավաքականում: Տարբեր պատճառներ կային: Օրինակ Իրանի Իսլամական հանրապետության թիմում կան հայ խաղացողներ, ովքեր, ցավոք, դեռ չեն համալրել հավաքականը, բայց աշխատանքներ են տարվում, այդ ուղղությամբ: Մեր թիմը պետք է օրեցօր ուժեղանա:
-Հավաքականը կարղ էր համալրել միայն մեկ օտարերկրացի. ընտրվեց Բրայան Դանսթոնը, ինչու՞:
-Առաջին հերթին' Դանսթոնը շատ լավ բասկետբոլիստ է: Նա երկու տարի անընդմեջ Եվրոպայում ճանաչվել է լավագույն պաշտպան: Բացի այդ, մեզ համար կարևոր են նաև մարդկային որակները: Դանսթոնը բավականին հայտնի բասկետբոլիստ է, բայց չի տառապում աստղային հիվանդությամբ: Մեծամիտ չէ, շատ բարի է և սիրում է Հայաստանը, հայերին:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:
-Ինձ կբավարարի միայն ոսկե մեդալը: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, որոնք կբավարարվեն ուրիշ հարկի մեդալներով, բայց դա ինձ չի գոհացնի: Ես վաղուց եմ երազել այս թիմն ունենալու մասին և միայն հաղթանակ եմ ցանկանում:
-Հուլիսից 15-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունում: Նրանցից ի՞նչ սպասելիքներ կան:
-Բարդ է ասել: Մեր երիտասարդական հավաքականը բավականին ուժեղ խաղացողներ են համալրել, սակայն կանխատեսումներ չեմ ցանկանում անել: Եթե հնգյակ մտնեն, կհամարեմ լավ արդյունք:
-Իսկ Մ18 աղջիկների հավաքականից ի՞նչ սպասելիքներ կան:
-Աղջիկները հանդես են գալու C դիվիզիոնում, որը շատ անկանխատեսելի է: Հույս ունեմ, որ առաջին տեղը կգրավեն:
-Պարոն Պողոսյան, հավաքականները համալրած մարզիկները դրսում ապրող հայեր են, ի՞նչ աշխատանքներ են տարվելու երկրի ներսում մարզաձևը մասսայական դարձնելու ուղղությամբ:
-Դա մեր բոլորի ցավն է: Այդ ամենը կախված է ֆինանսների հետ: Հույս ունենք, որ մեր կողքին կկանգնեն հովանավորներ: Մենք չենք կարող պետությունից փող խնդրել կամ պահանջել, քանի որ մենք երկիրը պատերազմի մեջ է: Հույս ունենք երկրի ներսում զարգացնել աշխարհում շատ հայտնի սթրիթ բոլը: Աստիճանաբար պետք է ավելանան բասկետբոլով զբաղվողների թիվը:
ՀԱՕԿ լրատվության բաժին