Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի 21-ը: Այս անգամ 100 միավորով ավելացրել են միայն տանկերի քանակը:

Բնական է, որ ադրբեջանական կողմը մեծ ուշադրություն է դարձրել իր տանկային ստորաբաժանումների և տանկիստների որակի և մարտունակության բարձրացման վրա, քանի որ ունենալով գերժամանակակից Տ-90 տանկեր և այլ մոդելի զրահատեխնիկա, 2016թ-ի ապրիլին Ակնայի ուղղությամբ նրանք լուրջ տանկային պարտություն են կրել՝ հետագայում այդ խուճապահար փախուստը անվանելով «հաջող շեղող մանյովր»:

Բաքվի համար նման զորավարժությունները սեփական բարդույթներից ազատվելու նպատակ են հետապնդում: Միևնույն ժամանակ սա մեսիջ է ոչ թե Հայաստանին կամ Արցախին, այլ միջազգային հանրությանը և հիմնական ուժային կենտրոններին: Բանն այն է, որ Բաքուն այժմ մեղմ ասած ֆրուստրացիայի մեջ է հայտնվել:

Այդ նույն ուժային կենտրոններից եկող միանշանակ արձագանքը, ինչպես նաև տարածաշրջան համանախագահների կատարած վերջին այցելությունը Բաքվի համար կասկածի տեղիք չեն թողնում առ այն, որ միջազգային հանրությունը Ալիևի ռազմատենչությանը կանաչ լույս չի տալու: Հետևաբար Ադրբեջանին այլ անելիք չի մնում, քան ժամանակ առ ժամանակ դիմել ուժի ցուցադրությանը:

Ալիևը ակնարկում է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ունի որոշումների կայացման ինքնուրույնություն, հետևաբար, եթե իրեն չտան այն. ինչ նա այդքան ցանկանում է՝ պարզապես ստիպված է լինելու դիմել ուժի գործադրման և անտեսել նրանց կարծիքը: Ադրբեջանը փորձում է հանդես գալ ուժային կենտրոններին ընդառաջողի դերում, ցույց տալով, թե ինչպիսի անմարդկային ջանքեր են իրենից պահանջում հարգել միջազգային գործընկներներին և զսպել սեփական ախորժակը, սակայն որքան էլ բանական անձ լինելով կասկածի տակ առնենք Բաքվի սուլթանի ռացիոնալ քաղաքական գործիչ լինելը՝ Ալիևը հստակ գիտակցում է նման արկածախնդրության դառը հետևանքները, և այն, թե ինչ է սպասում հենց իր կլանին արցախյան ուղղությամբ տապալվելուց հետո:

Հետևաբար՝ Բաքուն կարող է ուզածի չափ ամեն օր ներքին լսարանի համար «խաղալ մկաններով»: Թեև արդարության դեմ չմեղանչելու համար պետք է փաստենք, որ Ալիևի բեմադրած շոուները անգամ ներքին շուկայում արդեն լայն սպառում չեն գտնում: Ուստի, դժվար թե միջազգային հանրությունը կամ առավել ևս Հայաստանը և Արցախը ազդվեն ադրբեջանցի տանկիստների ցուցադրած «որակներից»…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ