Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայանում է 16-րդ ժողովը, և չի բացառվում, որ դրա ընթացքում հերթական ապօրինի որոշումների ականատեսը դառնանք: ՀՖՖ ժողովը կայանում է ոչ թե Երևանում, այլ Սևանում: Բնական է, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վախենում է հասարակության ճնշումից և մտադիր է դավադիր որոշումներ ընդունել իրեն պատկանող ռեստորանային համալիրում՝ «Հարսնաքար»-ում: Ինչպես երևում է Հայրապետյանը որոշել է գնալ իր մտերիմ՝ Սերժ Սարգսյանի ճանապարհով՝ զորբայությունը դարձնելով հարցեր լուծելու միակ գործիքը: Ընդ որում ժողովը սկսելուն պես Հայրապետյանը կարճ պատմական ելույթից հետո հեռացավ՝ հայտարարելով, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են կանոնադրությանը համաձայն և ոչ այսօր: Սակայն խնդիրը հենց կանոնադրության մեջ է, որը Հայրապետյանը արդեն հարմարեցրել է իր «կայսերական» նկրտումներին:
Մասնավորապես՝ նա ՀՖՖ-ի անդամությունից զրկելով իր համար անցանկալի կազմակերպություններին, որոնք կարող են իր թեկնածությանը դեմ քվեարկել, մտադիր է ֆուտբոլային կառույցի կազմում ընդգրկել միանգամից 12 կազմակերպություններ`բնականաբար իր թեկնածությանը կողմ քվեարկելու պայմանով: Այս քայլով Հայրապետյանը կստանա հավելյալ 30 ձայն:
Օրերս վարչապետ Փաշինյանը անդրադարձել էր Հայրապետյանի հրաժարականի պահանջին, նշելով,որ այս խնդիրը պետք է լուծվի գործկոմի և ՀՖՖ մաս կազմող կազմակերպությունների կողմից և ինքը որևէ կերպ չի պատրաստվում միջամտել: Սակայն մեկ հայացք գցելով վերոնշյալ մարմինների կազմին հասկանալի է դառնում, որ Հայրապետյանը ամենայն հավանականությամբ որևէ խնդրի առջև չի կանգնի: Հայրպաետյանին ընտրելու են Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, Վիկտոր Դալլաքյանը, Հրայր Թովմասյանը և այլոք, մյուսներն էլ հիմնականում ՀՖՖ աշխատակազմի անդամներ են: Պատկերացնո՞ւմ եք այս մարդիկ դեմ քվեարկեն քրեաօլիգարխիայի երբեմնի առանցքային հենասյուներից մեկին, իրենցից մեկին: Դա մի կողմից բնական է, իսկ մյուս կողմից հասկանալի է, որ նայելով հայկական ֆուտբոլի ողբերգական վիճակին, հավաքականների և ակումբների ցուցադրած խայտառակ խաղին՝ որևէ բանական էակ չի կարող ցանկանալ որպեսզի Նեմեց Ռուբոն շարունակի «գահակալել» և բռնաբարել մարզաձևը: Մենք որպես երկրպագուներ իրավունք ունեինք Մունդիալ 2018-ում երկրպագելու մեր հավաքականին, սակայն այդ իրավունքը մեզնից խլել է Նեմեց Ռուբոն, ով կարծես թե իներցիայով շարունակում է ապրել և գործել հարազատ կուսակցությանը բնորոշ մեթոդներով: Այսօր, երբ հայկական ֆուտբոլը անդունդում է գտնվում ,Հայրապետյանը զբաղված է պաշտոնում վերընտրվելու համար «ժանգլյորական տրյուկներով», որոնք հուսանք՝ ցանկալի նպատակին այդպես էլ չեն հանգեցնի: