Գյուղատնտեսության արագընթաց անկումը քննադատությունների կիզակետ բերեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին։ Նման կարգավիճակի հետ կառավարության անդամները կարծես վարժվել են, և հանրության դժգոհությունները, մեղմ ասած, իրենց համար միևնույնն են։ Գյուղատնտեսության նախարարի գործելաոճն անգամ մարզպետները այլևս չեն կարողանում հանդուրժել և մամուլում տարածված տեղեկությունների համաձան՝ արդեն դիմել են վարչապետին։
Մարզպետների խոսքով՝ իրենց կողմից ոլորտում առաջ քաշված խնդիրների լուծմամբ Իգնատի Առաքելյանը չի ցանկանում զբաղվել, այդ խնդիրների լուծման պարտականությունը իր վրայից անօրինաբար գցում է մարզպետների վրա, և նման պարագայում բացարձակ վիճարկելի չէ մարզպետների դժգոհության արդարացիությունը։ Այս երևույթը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ՀՀԿ-ականններն անգամ պաշտոնական հարաբերություններում չեն կարողանում լեզու գտնել, և իշխող կուսակցության վերնախավը ժամանակ չի գտնում քայլեր ձեռնարկելու իրավիճակը շտկելու ուղղությամբ, չգիտակցելով, որ պառակտումը սկվում է այսպիսի իրողություններից։
Մինչ Իգնատի Առաքելյանը հպարտանում է նրանով, որ անասնապահները կարողանում են իրենք իրենց անասուններին կերով ապահովել, գործընկերները Առաքելյանին վստահված գործառույթների կատարման համար արդեն որոշել են Դավիթ Լոքյանից օգնություն խնդրել։ Մարզպետները, որպես խնդրի լուծում և կուսակցի անգործությունը հաղթահարելու միջոց, գտել են դաշնակցական Դավիթ Լոքյանի միջոցով գյուղատնտեսական խնդիրները վարչապետին հասցնելը, ինչը դժվար թե պատիվ բերի հանրապետականներին։ Հետո էլ ասում են՝ ի՞նչ օգուտ կարող է տալ ՀՀԿ-ին՝ Դաշնակցությունը։ Պարզվում է՝ Լոքյանը կոտրում է կարծրատիպերը, ցույց տալով, որ իրականում ներիշխանական հարթակում ՀՅԴ-ն պառակտումներից խուսափելու գործում շատ կառուցողական դերակատարություն ունի։
Վաչիկ Գրիգորյան