Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ հայտնեց, որ նախորդ գիշերը ադրբեջանցիները 2 հարյուրից ավելի հայկական կայք են կոտրել, ներառյալ՝ Արցախի ֆիննախը, Գյումրվա համայնքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված նման ծավալի գրոհը և արդյո՞ք աննախադեպ էր, Մարտիրոսյանն ասաց․
«Կոտրել են մեծ քանակի կայքեր, քանի որ, որքանով հասկանում եմ, հաքերներին հաջողվել է հարձակում իրականացնել կայքերին հոսթինգ տրամադրող կազմակերպության դեմ»։
Փորձագետի պնդմամբ՝ հենց դա էլ թույլ է տվել ադրբեջանցի հաքերներին միանգամից մեծ քանակի տարաբնույթ կայքեր կոտրել։
«Աննախադեպ չէի անվանի, ավելի վատ դեպքեր են եղել։ Բայց վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարձակումն էր»,-ասաց մեր զրուցակիցը։
Մարտիրոսյանը դժվարացավ կոնկրետ նշել, թե կոտրված հայկական կայքերից քանիսն են այս պահին վերականգնվել։ Ինչ վերաբերում է հայ հաքերների կողմից համանման արշավ իրականացնելուն՝ տեղեկատվական անվտանգության փորձագետն ասաց՝ այդպիսի քայլի իմաստ, պարզապես, չկա։
Արա Ալոյան