Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գոշի լճի շուրջ ծավալվող զարգացումներին: Նախարարը նշեց, որ Գոշի լիճը դեռևս 2015 թվականի համապատասխան մրցույթով հանձնվել է կազմակերպության՝ այստեղ էկոտուրիստական միջավայր ձևավորելու  համար։ «Հարցն այն է, որ Գոշ լիճն իր սպասարկող տարածքին համապատասխան՝ դեռևս 2015 թվականի մրցույթով հանձնվել է կազմակերպությանն՝ այստեղ էկոտուրիստական միջավայր ձևավորելու և համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Պայմանագրով նախատեսված է, որ ցանկացած տիպի նախաձեռնություն, ծրագիր՝ պետք է անցնի էկոլոգիական փորձաքննություն, մենք կասեցրել ենք, այստեղ որևէ գործընթաց չի իրականացվում: Այն, ինչ արվել, է, համենայնդեպս՝ լճի մասով՝ վերականգնվող է, լճի մասով որևէ խնդիր, անդառնալի վնաս՝ չունենք»,– ասաց Մինասյանը։ 

 

Արծվիկ Մինասյանը նաև հավելեց. որ պետք է գործել այնպես, որ այն չխաթարի որևէ բնական միջավայրի: «Չպետք է դառնա առանձին քեֆ-ուրախության տեղ, այլ պետք է դառնա իսկապես հանգստի գոտի: Երկրորդ կարևոր հանգամանքը՝ որևէ ձևով չսահմանափակվի ցանկացած այցելուի, ցանկացած արշավախմբի մուտքը այս տարածք, որովհետև Գոշի լիճն իսկապես համարվում է մեր բնական միջավայրի կարևորագույն արժեքներից մեկը»:

 

Նախարարը նաև ընդգծեց, որ ներկայում կասեցված է ամեն ինչ: «Որևէ գործընթաց՝ առանց էկոլոգիական փորձաքննության չի իրականացվելու և մի կարևոր պայման ենք  առաջադրել' այստեղ ծանր տեխնիկան չի կարող աշխատել»,- ընդգծեց նախարարը: