Վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ արդեն նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի՝ աշխատանքից հեռացումը:
Գեորգի Ավետիսյանը մամուլով մեղադրեց ՍԱՊԾ ղեկավարությանն՝ առանց հիմնավորման և օրենսդրությամբ չսահմանված կարգով իրեն աշխատանքից ազատելու համար:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այս առնչությամբ գրավոր հարցում ուղարկեց ՍԱՊԾ՝ պարզելու՝ որոնք են այն հիմնավորումները, ըստ որոնց՝ աշխատանքից ազատել են Գեորգի Ավետիսյանին:
Մեր գրավոր հարցմանը պատասխանել է ՍԱՊԾ ղեկավարի պաշտոնակատար Ա. Միրզոյանը, նույն հարցերի առնչությամբ զրուցել ենք նաև աշխատանքից ազատված, նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի հետ: Նրանց պատասխանները ներկայացնում ենք ստորև.
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ արդեն նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը Ձեզ մեղադրում է իրեն անհիմն կերպով աշխատանքից ազատելու մեջ:
ՍԱՊԾ- «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալը պաշտոնից ազատվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գեորգի Ավետիսյան- Եվս մեկ անգամ ապացույց, որ ՍԱՊԾ ղեկավարները ոչ միայն ոլորտային մասնագետներ չեն, այլ նաև չգիտեն մենեջմենթ և օրենսդրություն: Իմ դիմումը իրականում դիմում-ծաղր էր, որովհետև նորմալ ռեգիստրը նման դիմումով ազատման հրաման չէր արձակի: Դա կհասկանաք, երբ տեսնեք դիմումը:
-Խնդրում եմ՝ ինձ տրամադրեք այն հիմնավորումները, որոնց համաձայն Գեորգի Ավետիսյանին ազատել եք աշխատանքից:
ՍԱՊԾ- ՊՈԱԿ տնօրենի տեղակալն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Գեորգի Ավետիսյան- Դիմումի մեջ գրված է, որ հաշվի առնելով այն փաստը, որ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առանց որևէ հիմնավորման՝ չի ցանկանում ինձ տեսնել փոխտնօրենի պաշտոնում, խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից: Այդ դիմումից հետո ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունեի երեք օրվա ընթացքում հետ կանչել դիմումս: Ես, արդեն ամսի 2-ին փոստով դիմում ուղարկեցի, որով հետ եմ կանչում իմ առաջին ազատման դիմումը: Սակայն մինչ օրս պատասխան չկա:
Այստեղ մեկ ուրիշ խնդիր կա. նշանակում է՝ Իշխան Կարապետյանն ուղղակի նշանակում և ազատում է տնօրենին: Փաստորեն, նոր տնօրենը կարող է ընդունել, ազատել փոխտնօրենին և աշխատակիցներին:
Խնդիրը հետևյալն է. ես նամակ եմ ուղարկել և հետ եմ կանչել դիմումս, բայց պատասխան չունեմ:
-Արդյոք Սննադամթերքի անվտանգության պետական ծառայությունում կա՞, այսպես ասված, կադրային ջարդ:
ՍԱՊԾ- Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում չկա կադրային ջարդ:
Գեորգի Ավետիսյան- ՊՈԱԿ-ը գտնվում է ՍԱՊԾ կազմում, եթե իրենք ազատվում են մասնագետ տնօրենից և փոխտնօրենից, դա արդեն կադրային ջարդ է: Որքանով որ ես տեղյակ եմ՝ ՍԱՊԾ-ում մարդիկ կան, ովքեր ևս ազատվել են աշխատանքից:
ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենն իմ ներկայությամբ ասաց, որ 35 հոգու որոշել է կրճատել, և խոսքը գնում է 25-ից ավելի մասնագետների մասին: Այսօր անասնաբույժներ, սննդի մասնագետներ երկրում գտնելը շատ բարդ գործ է: Ես 5 տարի է՝ աշխատում եմ, և մենք այդ խնդրի առջև միշտ կանգնել ենք:
-Պնդում կա, որ հատկապես աշխատանքից ազատվում են նեղ ոլորտային մասնագետներ, արդյոք համաձա՞յն եք այս պնդման հետ:
ՍԱՊԾ- Ոչ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի կազմում գտնվող մասնագիտացված երեք՝ սննդամթերքի անվտանգության հետազոտությունների, անասնաբուժական հետազոտությունների և բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիաները ղեկավարում են ոլորտի նեղ մասնագետներ:
Գեորգի Ավետիսյան- Ես էլ, տնօրենն էլ՝ նեղ ոլորտային մասնագետներ ենք, քանի որ երկուսս էլ ունենք անասնաբուժական կրթություն, 5 տարուց ավել աշխատում ենք այդ ոլորտում: Ոլորտը սարսափելի մեծ և ծանր է, իսկ այսօր մեր լաբորատորիայից դուրս, տվյալ ոլորտի մասնագետներ չկան Հայաստանում, որովհետև դժվար է այդ ամեն ինչի մասին ունենալ ինֆորմացիա՝ չլինելով լաբորատորիայի կազմում:
Հիմա ես սպասում եմ ՊՈԱԿ-ի պատասխանին, դատական կարգով ես կվերադարձնեմ իմ իրավունքը՝ դիմում հետ վերցնելու: Ամենակարևորը, որը հիմա ինձ հուզում է, դա լաբորատորիայի կործանման հարցն է, քանի որ լաբորատորիայի ղեկավար կազմում այսօր մասնագետ չկա:
Եթե վերադառնամ աշխատանքիս, ամեն ինչ անելու եմ, որ տվյալ տնօրենը և ծառայության պետն այլևս չղեկավարեն այդ կառույցը: Առաջին հերթին ես կարծում եմ, որ լաբորատորիան չպիտի լինի ՍԱՊԾ կազմում, և երկրորդ՝ լաբորատորիան չպետք է ղեկավարեն ոչ մասնագետներ:
Սոնա Հարությունյան