Բրիտանացի հավաքորդ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկի մեջ գտել է ոսկու ձուլակտորներ՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,5 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ: Այս մասին հրապարակումը ապրիլի 9-ին հայտնվել է The Sun թերթում:
55-ամյա Միդը տանկը գնել է eBay ինտերնետ-աճուրդում 37 հազար դոլարով: Ձուլակտորները նա գտել է վառելիքի բաքում, երբ գնումն ուսումնասիրում Էր մեխանիկ Թոդ Չեմբեռլենի հետ, որն էլ գնահատել է գտածոն: Հավաքորդն այնպես է զարմացել, որ ոստիկանություն է կանչել, որն էլ նրանից ոսկին ստացագրով առգրավել է:
«Թող ես ոսկին հետ չստանամ, բայց դրա փոխարեն ինձ մոտ կմնա իմ հիանալի տանկը»,- հայտարարել է բրիտանացին:
Նրա գնած Տ-54 տանկը պատկանել է Իրաքի զինված ուժերին եւ մասնակցել Պարսից ծոցի 1990 – 1991 թվականների պատերազմին: Այն ժամանակ տանկը հայտնվել է միջազգային կոալիցիայի զորքերի ձեռքում (Մեծ Բրիտանիան մտնում էր կոալիցիայի մեջ) եւ տարվել Միացյալ Թագավորություն:
Միդի կարծիքով՝ իրացքի զինվորականները վառելիքի հատվածամասում թաքցրել են Քուվեյթի պահեստարաններից դուրս բերված ոսկին: