Ակնհայտ է որ արցախյան թեման սկսել է լրջորեն անհանգստացնել Ռուսաստանին, քանի որ այն դադարել է լինել տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ գործիք, ավելին՝ այն աստիճանաբար դառնում է ամերիկյան քաղաքականության գործիք: Մոսկվայում քաջ գիտակցում են, որ բոլոր շահագրգիռ կողմերի ընդունած Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորման գործընթացը տապալվել է, ընդ որում՝ շուտվանից:


Այդ պատճառով՝ ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ՝ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձեւաչափ եւ նոր սկզբունքներ, ինչը Մոսկվան՝ իր հերթին, ոչ մի կերպ թույլ տալ չի կարող, քանի որ այդ պարագայում հակամարտության կարգավորման մեջ ունեցած իր դոմինանտ դերն ի չիք կդառնա: Ռազմավարական տեսանկյունից՝ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր գերիշխող դիրքը և թույլ չտալ, որ արտաքին այլ խաղացողները՝ Թուրքիան, Միացյալ Նահանգները, մեծացնեն իրենց ազդեցությունը տարածաշրջանում:


Հետևաբար՝ Ռուսաստանը չի պատրաստվում սպասել նոր նախաձեռնությունների ու փորձում է առաջ քաշել իր առաջարկները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ իր հարաբերություններն առավել կարեւոր ու բովանդակալից են, քան այս երկու պետությունների հարաբերություններն ԱՄՆ-ի ու ընդհանրապես՝ Արեւմուտքի հետ: Հայաստանի և Արցախի համար ամենավտանգավոր ձևաչափը կարելի է համարել խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկությունը, որը վաղ թե ուշ՝ պաշտոնական Մոսկվայի թեթև ձեռքով դրվելու է բանակցությունների օրակարգում:


Վաղ թե ուշ՝ խաղաղապահ կոնտինգենտում դոմինանտ դեր է ունենալու Ռուսաստանը, իսկ 1991 և 1992 թվականներին ռուսական բանակի գործողությունները դժվար թե որևէ մեկը մոռացության մատնած լինի: Խաղաղապահների տեղակայում, ընդ որում՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, պետք է իրականացվի միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, իսկ այսօր մենք դեռ հեռու ենք նման իրավիճակից:



Այս պահին ռուսական կողմը խնդիր ունի իջեցնել լարվածությունը, քանի որ դա չանելու դեպքում՝ նորից են նման բռնկումներ լինելու: Սակայն Մոսկվան այնքան է անհանգստացել հակամարտության կարգավորման հարցում արևմուտքի անթաքույց ակտիվացմամբ, որ շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ…


Սա շատ վնասակար գաղափար է, եւ եթե այն սկսի իրագործվել, առաջին հերթին կվնասի Ռուսաստանին: Հակամարտության յուրաքանչյուր կողմը կարծում է, որ Ռուսաստանը կամ մեկ ուրիշը իրենց փոխարեն պետք է լուծի իր առջեւ ծառացած խնդիրը: Արդյունքում՝ Ադրբեջանը կպահանջի, որ ռուս խաղաղապահներն իրենց տան տարածքները, Հայաստանն էլ պետք է պնդկ, որ Արցախը մնա Հայաստանի կազմում, կամ գոնե անկախ պետություն հռչակվի, որի համար ժամանակին հանրաքվե է անցկացվել: Ստացվում է, որ կոնֆլիկտի երկու կողմերն էլ դժգոհ կմնան ռուսական խաղաղապահներից, ու Ռուսաստանը երկու կողմից էլ միաժամանակ հարված կստանա: Արդյո՞ք այս ամենը պաշտոնական Մոսկվան չի հաշվարկել…


Մյուս կողմից՝ խաղաղապահների տեղակայումը արցախյան հակամարտության գոտում՝ լուրջ մարտահրավեր է նաև հարևան պետությունների համար, առաջին հերթին, իհարկե՝ Իրանի: Այս երկրի Պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը իր ադրբեջանցի կոլեգայի հետ ունեցած բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Թե ինչ նկատի ունի Դեղանը՝ դժվար չէ հասկանալ:


Սա գրեթե բաց տեքստով հորդոր է Ադրբեջանին՝ ձեռնպահ մնալ իրավիճակի ռազմական լարումից: Բանն այն է, որ իրավիճակի ռազմական լարման դեպքում «երրորդ երկրների» միջամտությունը դառնալու է անխուսափելի: Այս հարցում Իրանը առաջնորդվում է տարածաշրջանում իր ռազմավարական շահերից, որոնցից բնավ չի բխում օտար խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը իր սահմանների մոտ: Ռուսական խաղաղապահ ներկայությունը պարզապես «արգելափակոց» է Իրանի կովկասյան քաղաքականության համար: Դա նշանակելու է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը Հարավային Կովկասը բաժանելու են միմյանց միջեւ:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ