Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 5-7-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017թ-ի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, ապրիլի 19-ին կմեկնի Բելառուս, ուր կարևոր ստուգատեսից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ստայկիի օլիմպիական հայտնի մարզաբազայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:
Այս հավաքին մասնակցելու են ապրիլի 7-ին Ծաղկաձորում ընթացած նախորդ հավաքի վերջին օրը Ջուլֆալակյանի կողմից հայտարարված եվրոպական ստուգատեսի 6 մասնակիցները՝ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ստայկիի հավաքին հրավիրվել են մասնակցելու նաև 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98կգ), 2012թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), 2016թ Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71կգ), միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Արթուր Շահինյանը (85կգ):
Արդեն հայտարարվել է, որ Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը, մարզչական խորհրդի որոշմամբ չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նրանք հատուկ ծրագրով պատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք ըմբշամարտի 2017 թ աշխարհի առաջնությանը:
Այս առիթով Արսեն Ջուլֆալակյանն հետևյալ պարզաբանումն է տվել. «Հոգեբանական վիճակի և վնասվածքի պատճառով շուրջ 6 ամիս բաց թողեցի: Կարողացա հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը և մարտից նորից սկսեցի մարզվել: Անկեղծ ասած, ըմբշամարտի կանոնների փոփոխությունների պատճառով երկմտում էի՝ վերադառնալ մրցագորգ, թե ոչ: Սակայն հետո իմացա, որ ծնկադիր վիճակը նորից վերականգնվում է: Եթե դա չլիներ, ավելի շատ հակված էի միջազգային կարիերաս ավարտելու մտքին»:
Նովի Սադում ով կներկայացնի Հայաստանը 98 կգ քաշային կարգում, կհայտարարվի փոքր-ինչ ուշ՝ ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի առաջատար՝ 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզումների ժամանակ ցավեցրել է ծունկը: Եթե մինչ այդ «ճերմակ արջը» ապաքինվի, ապա նա կմեկնի Սերբիա, իսկ եթե զգան, որ վնասվածքը դեռ խանգարում է, ապա նրան կփոխարինի Արթուր Շահինյանը: Ստայկիում Հայաստանի ընտրանու ըմբիշներն ուսումնամարզական հավաքը կավարտեն մայիսի 4-ին, որտեղից էլ Եվրոպայի առաջնության մասնակիցները Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ կուղևորվեն մրցավայր: