Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Նրանք վերադառնում են Ադրբեջան։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն:

«Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, և այդ պայմաններում ապահովված չէ անվտանգությունը», ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ հոգեբանական ճնշման պատճառով։ Հաշվի առնելով այս ամենը՝ ադրբեջանցի մարզիկներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասվում է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ պաշտոնական հայտարարության մեջ։

Ինչպես հայտնի է, ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Ադրբեջանից Հայաստան է ժամանել 12 հոգանոց պատվիրակություն, որից 4-ը մարզիկներ են:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 40 երկրից 389 մարզիկ է մասնակցում:

Առաջնությունը կընթանա ապրիլի 15-23-ը։