«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքն այսօր փոփոխվել և ծանրացվել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Ըստ Մեժլումյանի՝ այն քաղաքական հետապնդումը, որն իրականացվում էր Անդրեաս Ղուկասյանի վրա, սա դրա շարունակությունն է ավելի խիստ ձևով. «Ինչպես այս, այնպես էլ նախորդ մեղադրանքն էր աբսուրդ, որը վերաբերում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելուն: Սա էլ դրա շարունակությունն է: Մեղադրանքը շատ-շատ է ծանրացվել, սակայն որևէ ապացույց, նյութ չկա»:
Պաշտպանը նշեց՝ իր պաշտպանյալը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Նա հրաժարվում է ցուցմունք տալուց՝ մեղադրանքը որակելով աբսուրդ: Այն մեղադրանքները, որոնք առաջադրված են «Սասնա ծռեր» խմբի անդամներին, նույն հոդվածը առաջադրվել է նրան»:
Այսպիսով, Անդրիաս Ղուկասյանը, որին անցած տարվա օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այժմ մեղադրվում է նաեւ ՔՕ 34-219-րդ 3-րդ մասի 1-ին կետով, (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) 34-218-րդ 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելու փորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 34-235-րդ 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելու փորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկին Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: Այս մեղադրանքում ևս Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հավելենք՝ Անդրիաս Ղուկասյանն արդեն 8 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ:
Սոնա Հարությունյան