Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կայացավ «Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Վարդան Գրիգորյանը:
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դատարան էր հրավիրվել վկայի կարգավիճակով:
Հարցաքննության ժամանակ նա ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի հետ ունի ընկերական հարաբերություններ: «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք հավանական ելքը, որը կարող էր լինել շատ վտանգավոր»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ նկատի ունենալով 2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերը:
Սանասարյանը պատմեց, որ հավաքված քաղաքացիների մեջ եղել են անձինք, որոնք իրենց կազմվածքով և տեսքով տարբերվել են սովորական ցուցարարներից: «Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասաց, որ որևէ քայլ չանեմ չգնամ Խորենացի փողոց: Ես ասացի, որ ինձ որևէ մեկը չի կարող արգելել մասնակցել հանրահավաքների»,- ասաց նա:
Սանասարյանի խոսքով այդ օրերին ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել և խոշտանգվել է, ասաց դիմել է իրավապահ մարմիններին, բայց գործի ճակատագրից տեղյակ չէ:
Սանասարյանը դատարանին հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին ելույթ է ունեցել և հորդորել, որ հավաքված ժողովուրդը չգնա Խորենացի փողոց։
Այնուհետև Սանասարյանն անդրադարձավ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ ինքն օգնել է մի աղջկա, ում շորերը վառվում էր. «Տեսել եմ՝ ինչպես են լրագրողներին հարվածում, որից հետո հորս հասցրել եմ հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցից ինձ բերման են ենթարկել»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա հայտնեց, որ ՊՊԾ գնդի գրավման մասին իմացել է մամուլից։ «Ինձ այդ օրը բերման են ենթարկել Էջմիածնի բաժին։ Հաջորդ օրը խոշտանգվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից, տևական բռնության եմ ենթարկվել։ Մի քանի օր ես լավ վիճակում չեմ եղել, քանի որ ուղեղի ցնցում եմ տարել։ Ես ելույթներ եմ ունեցել, որպեսզի ուժ չկիրառվի քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով հավաքների կազմակերպման հարցին, Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ ամեն ինչ արել են, որպեսզի այդ հավաքները լինել խաղաղ, և դա վկայող բազմաթիվ փաստեր կան: «Մեր նպատակն արյունահեղությունը կանխելն էր»,- նշեց նա:
Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար: Այս նույն մեղադրանքը ժամանակին առաջադրվել էր նաև Դավիթ Սանասարյանին եւ այդ ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին և էլի մի քանի քաղաքական գործչի, սակայն նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ բացի Անդրիաս Ղուկասյանից: