ՍԴ-ն այսօր սկսեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների լսումը՝ փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին:

Իբրև պատասխանող կողմ՝ ներգրավվել է ԿԸՀ-ն՝ ի դեմս նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ որպես որոշում ընդունած մարմին, իսկ հարակից պատասխանողներն են իրենց իրավասության հետ կապված հարցերով ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ Գլխավոր դատախազի տեղակալ Վահրամ Թամազյանը, Կորյուն Փիլոյանը, Հարություն Հարությունյանը և Ոստիկանությունը՝ ի դեմս Թաթուլ Պետրոսյանի:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանից ևս դիմում է ստացվել՝ որպես երրորդ անձ ներգրավելու մասին: ՍԴ-ում նրա լիազոր ներկայացուցիչներ կլինեն՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, Հրայր Թովմասյանը ՍԴ դիմումը ներկայացնելու համար 10-օրյա արձակուրդ է վերցրել:

Ըստ Ա1պլյուսի փոխանցման, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը ՍԴ-ում փաստաբան Կարեն Մեջլումյանն է, իսկ լրացուցիչ լիազորություններ է ստանձնվել նրա ընտրական շտաբի ղեկավար Զարուհի Փոստանջյանը: ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում իր դիմումը ներկայացնում է անձամբ: