Երևանի Արաբկիր համայնքում Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը հավաքված բազմությանը վստահեցրեց, որ իր թիմը չի բավարարվելու արած աշխատանքներով և անելիքները շատ են, որոնց իրականացման համար իրենց պետք է քաղաքացու հավատն ու վստահությունը: «Սիրելի՛ արաբկիրցիներ, մենք չորս տարի առաջ այս բակից սկսեցինք քարոզարշավը և մեր թիմով ներկայացրեցինք ավելի լավ Երևան ունենալու ծրագիր: Այս տարիների ընթացքում արել ենք հնարավորը, մեր թիմը մշտապես շփվել է երևանցիների հետ՝ նրանց խնդիրներին տալով լուծումներ: Հիմա ձեզ վստահեցնում եմ՝ այս փորձառու թիմը վաղվա օրվա գրավականն է, և ձեր խնդիրների զգալի մասն էլ ներառվել են մեր նոր ծրագրում»: 


Տարոն Մարգարյանը ներկաներին վստահեցրեց, որ բազմաբնակարան շենքերի խնդիրներն ու երևանցու մյուս հոգսերն իր թիմը պատրաստակամ է լուծելու, քանի որ վստահ են՝ երևանցին վստահում է գործ անողին: 

 

Տարոն Մարգարյանը պաշտոնական ելույթից հետո շրջեց քաղաքացիների հետ՝ նրանց հետ շփվելով և քաղաքացիներից լսելով նրանց հուզուղ խնդիրները: 

 

Աշխատավարձի ավելացում, թոշակների բարձրացում, վերելակ և տանիքներ. ահա՛ այն խնդիրները, որոնց լուծման հույսով քաղաքացիները մոտենում էին Տարոն Մարգարյանին՝ խնդրելով գտնել լուծման տարբերակներ: 

 

Լրագրողների հետ զրույցում, խոսելով իր մրցակիցների մասին,  Տարոն Մարգարյանը նշեց, որ իր մրցակիցներին չի թերագնահատում, իսկ Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին ի պատասխան՝ նշեց. «Ես շատ հստակ նշել եմ իմ կարողությունների մասին և չեմ լսել: Չգիտեմ՝ ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը մեղադրել է ինձ քաղաքի բյուջեն թալանելու համար: Իմ կարողությունները հայտարարագրել եմ»: