«Երկրապահներիս համար կարևոր սկզբունք գոյություն ունի, որը պահպանում ենք մինչ այսօր: Ըստ մեր այդ կարևոր սկզբունքի, եթե որևէ մեկը ցանկանում է պաշտոն և պատասխանատվություն ստանձնել, պետք է իր նվիրվածությունն ու հայրենասիրությունն ապացուցած լինի: Այդպիսին է երկրապահների քաղաքապետի թեկնածուն, ով բազմիցս ապացուցել է իր նվիրումը հայենիքին: Սահմանագլխին կանգնած սպան ու զինվորը պետք է մշտապես զգան երևանցիների շունչը: Դա են վկայում քաղաքապետի իրականացրած ծրագրերը, որոնք բազմաբնույթ են՝ սկսած զինվորականներին բնակարանների հանձնումից մինչև սոցիալական տարատեսակ ծրագրեր»,- այս մասին այսօր Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումների շրջանակներում ասաց ավագանու ՀՀԿ թեկնածու Արա Կետիկյանը:
Ավագանու թեկնածուն ներկներին հավաստիացրեց, որ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին Երևանում գտնվող բոլոր երկրապահական կառույցները միաձայն սատարելու են. «Բոլոր երկրապահները միանձյա սատարելու են երկրապահ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին և նրա գլխավորած թիմին, քանի որ հենց նա է, ով կարող է իրականություն դարձնել երևանցիների սպասումներն ու հույսերը»:
Արա Կետիկյանն իր ելույթում հատուկ շեշտեց, որ Տարոն Մարգարյանն այնքան նվիրված է իր հայրենիքին և քաղաքին, որ պատրաստ է օր ու գիշեր աշխատել՝ հայրենիքն առավել ամրապնդելու համար, քանի որ այս տարածաշրջանում մենք այլ ելք չունենք: «Տարոն Մարգարյանն այն անձն է, ում շնորհիվ երևանցին իրեն միայնակ չի զգա: Ուստի, ավելի ամուր Երևան ունենալու համար հայցում ենք Ձեր վստահությունը»,-իր պաթետիկ ելույթն ավարտեց երկրապահ թեկնածուն:
Աղավնի Սուքիասյան