Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարդացել է Արցախի Հանրապետությունում ցմահ դատապարտված Դիլհամ Ասկերովի գործի հետ կապված Ռուսաստանի ԱԳՆ պարզաբանումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները և դրանք որակել «գռեհիկ»: Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ադրբեջանցի լրագրողի` Ասկերովի մասին հարցին ի պատասխան նշեց, որ այդ հոդվածները վերլուծական, քննադատական, կառուցողական չեն, այլ պարզապես գռեհիկ են:
«Դրանից հետո դուք խնդրում եք մեզ ներկայացնել ավելի շա՞տ տեղեկատվություն: Այդպիսի հոդվածներից հետո ընդհանրապես շփվել չես ցանկանում: Անկեղծ կարող եմ ասել: Գիտեք, թե որքան բաց ենք մենք ԶԼՄ-ների համար, բայց կներեք, գռեհկություն դրսևորել ոչ ոք թույլ չի տվել: Այդ թեմայի հետ կապված յուրաքանչյուր հարց, տեղեկատվության տրամադրման դիմում մենք մշտապես ողջունում ենք, եթե ձեզ ինչ-որ բան հետաքրքրում է, մենք պատրաստ ենք տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: Բայց նման տոնով շփվել' անկեղծ ասած որևէ ցանկություն չկա»,- ասել է Զախարովան:
Նա բրիֆինգին ներկա ադրբեջանցի լրագրողներին խնդրել է հնարավորության դեպքում իր խոսքերը փոխանցել իրենց գործընկերներին: «Դա լրագրողի աշխատանք չէ, նման կարծիքի են եկել նաև ադրբեջանական մեր գործընկերները, որոնք անգամ ներողություն են խնդրել նման տոնի համար: Մեկ բան է տեղեկացնել հասարակությանը, մեկ այլ բան մշտապես օգտագործել խնդրահարույց, դժվար հարցերը, որոնք ոչ ոք չի թաքցնում, մշտական բռնկումների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: