Թաիլանդում մի մարդ facebook-ում live միացմամբ ցույց է տվել՝ ինչպես է սպանում 11-ամյա դստերը, որից հետո դադարեցրել է ուղիղ միացումն ու կախվել։
Ոստիկանությունը հայտնում է, որ Վութիսան Ուոնգթալայի՝ 4 րոպե տևողությամբ տեսաձայնագրությունը, որտեղ երևում է Փուկետ կղզու շինություններից մեկից կախված աղջիկը, արագ տարածվել է, ու մայրը ևս տեսել է վիդեոն։
Սա մեկն է վերջին ամենադաժան հանցագործություններից, որոնք հեռարձակվել են facebook-ում, ու դիտել են երբեմն նույնիսկ միլիոնավոր մարդիկ։ Սպանությունը Թաիլանդում բողոքի ալիք է բարձրացրել ընդդեմ facebook-ի, ու հավանաբար հետագա ճնշումները վերջինիս նկատմամբ կշարունակվեն։
Facebook-ի խոսնակը դեպքը սարսափելի է որակավորել՝ ավելացնելով, որ facebook-ում նմանատիպ կոնտենտի համար տեղ չի կարող լինել, ու որ այն հեռացվել է կայքից։
Ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ սպանության դրդապատճառը խանդն է եղել։ Դեպքի նախորդ գիշերը տղամարդը կռվել է կնոջ հետ՝ փնտրելով վերջինիս հեռախոսն ու մեղադրելով նրան դավաճանության մեջ։
Հոլովակում երևում է՝ ինչպես է Ուոնգթալայը օղակն ամրացնում դստեր պարանոցին ու նետում շենքից, հետո լսվում է երեխայի ճիչը, ու նա նետվում է առաջ՝ փորձելով բռնել երեխային։
Իսկ նրա ինքնասպանությունը չի տեսագրվել։
Երկրորդ հոլովակը, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանությունն այդ գիշեր տանում դիակները, մնացել է facebook-ում։
Արդյոք facebook-ը պե՞տք է հսկի միլիարդավոր հրապարակումներն ու հոլովակները, որ ամեն օր մարդիկ տեղադրում են իրենց էջում։ Կայքի հիմնադիրը՝ Մարկ Ցուկերբերգը, այս ամիս տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ խնդրին, քանի որ նմանատիպ մեկ այլ սպանություն էլ է վերջերս եղել. մի տղամարդ նկարել է՝ ինչպես է կրակում ու սպանում 74-ամյա անծանոթին։