Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:

 

Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Էրեբունի վարչական շրջանում: Էրեբունի փողոցի սկզբնամասն իսկական աղբանոց է դարձել՝ խարխուլ շինություն, աղբակույտ, եկաթե սարքեր, շինարարական աղբ: Շքեղ առանձնատների կողքին գտնվող այս տարածքում, ըստ երևույթին, շինարարական աղբը գոյացել է նորակառույց շենքերի շինարարական աշխատանքների հետևանքով: Իսկ պատկան մարմինները պարապուրդի են մատնված:

 

Հորդորում ենք ուշադրություն դարձնել հատկապես գլխավոր փողոցներին, որոնք ներկայացնում են Երևանի դեմքը: 

 

Խոստացեք՝ կմաքրե՛ք. մաքո՛ւր պահենք Երևանի դեմքը:

 

Ծանոթացեք այս շարքի նախորդ հրապարակումներին՝

 

Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ,

 

«Խոստացեք՝ կմաքրեք». սա Երևանն է, այստեղ դու խեղդվում ես,

 

«Խոստացեք՝ կմաքրեք». մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում,

 

Խոստացեք՝ կմաքրեք. աղբանոցի վերածված շինությունը շրջապատված է բնակելի շենքերով և տներով,

 

Խոստացեք՝ կմաքրեք. մաքուր օդ ենք ուզում շնչել:

 

Սոնա Հարությունյան