Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:
Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:
ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Էրեբունի վարչական շրջանում: Նուբարաշենի խճուղում՝ բնակելի շենքերին հարակից դաշտավայրը վերածվել է աղբանոցի և ոչ միայն. փողոցին հարող հատվածում ճահիճ է գոյացել, իսկ գարշահոտությունն ուղղակի անտանելի է:
Շենքի բնակիչները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեցին. «Տարիներ շարունակ այս տհաճ հոտն ենք շնչում: Ամռան շոգին պատուհանները բացել չի լինում: Չենք կարողանում մաքուր օդ շնչել»:
Ծանոթացեք այս շարքի նախորդ հրապարակումներին՝
Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ,
«Խոստացեք՝ կմաքրեք». սա Երևանն է, այստեղ դու խեղդվում ես,
«Խոստացեք՝ կմաքրեք». մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում,
Խոստացեք՝ կմաքրեք. Աղբանոցի վերածված շինությունը շրջապատված է բնակելի շենքերով և տներով:
Սոնա Հարությունյան