Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը մայիսի 2-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

Այս պաշտոնը Յուրի Խաչատուրովին տրվեց երկար ժամանակ թափուր մնալուց հետո, երբ հրաժարական տվեց պաշտոնը զբաղեցնող, այսօր ընդդիմադիր իրեն համարող Արթուր Բաղդասարյանը: Իր մեկ այլ հրամանագրով էլ Նախագահը լուծարել էր ԱԱԽ աշխատակազմը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ հատկապես կառավարման ներկայիս մոդելի պարագայում ԱԱԽ-ի անհրաժեշտությունը մեծ է. «Անցնում ենք կոլեգիալ կառավարման, հետևաբար այսօր շատ ավելի կա ԱԱԽ-ի կարիքը, քան ուժեղ նախագահական համակարգի ժամանակ: Այս պահին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր է, բայց անհրաժեշտություն կա նշանակում անելու: Անվտանգության խորհուրդը իշխանության բոլոր ճյուղերի, ղեկավար մարմինների համատեղ աշխատանքն է, որոնք պետության համար կարևորագույն խնդիրների հետ կապված առաջադրում են ծրագրեր, խնդիրների լուծման մեխանիզմներ»,- ասում է Իսագուլյանը:

Մեր զրուցակիցը նկատում է նաև, Անվտանգության խորհուրդը, որպես կոլեգիալ մարմին, ղեկավարում է հանրապետության նախագահը: Քարտուղարը զուտ օրակարգերի պատրաստման խնդիրներն է լուծում, նախագահի զբաղվածության ժամանակ, ըստ նրա հանձնարարության, կոորդինացնում է որոշակի աշխատանքներ: Իսկ թե խորհուրդի քարտուղարի պաշտոնում ով կլինի` կախված է նրանից, թե ում կվստահի նախագահը: Դա նրա բացառիկ իրավունքն է և ինքն է որոշում՝ ով կարող է լինել այդ պաշտոնին և կազմակերպել այդ աշխատանքները»,- ասաց նա` ավելացնելով, որ այստեղ չպետք է անձնավորել, քանի որ անհրաժեշտ է մարդ, ով գործնական ֆոնի վրա կարող է նախագահի հանձնարարությունները ճիշտ և ժամանակին կատարել:

Անդրադառնալով հարցին` Յուրի Խաչատուրովի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելը ազգային անվտանգության շահերից ելնելով ինչ կարող է տալ, նշեց. «ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցությունը, բնականաբար, շատ հարցերում կարող է օժանդակել և նպաստել: Եթե մարդը քաջատեղյակ է բոլոր խնդիրներին, որոնք առկա են, ծառացած են Հայաստանի, Արցախի հանրապետությունների առջև, այդ առումով շատ մեծ օգուտ կարող է բերել և շատ կարևոր է, որ կարողանա համագործակցել ի նպաստ պետության շահերի»:

Սոնա Հարությունյան