Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ վերջին տարիներին Հայաստանից արտագաղել են բավական մեծ թվով քաղաքացիներ և արտագաղթի այս տեմպը անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար. «Ես համամիտ չեմ, որ արտագաղթի տեմպերն այդքան վտանգավոր են, մյուս կողմից՝ չկա նաև վերջին տարվա վիճակագրությունը, թե 2016 թվականին քանի մարդ է գնացել Հայաստանից: Այստեղ պետք է նշեմ նաև, որ միգրացիոն գործընթացը միայն արտագաղթը չէ»: 


Գերատեսչության ղեկավարն արտագաղթի տեմպերից խոսելուց առաջ խորհուրդ  է տալիս ծանոթանալ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի կողմից կատարված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, որն այս պահին իր մեջ պարունակում է ամենաթարմ տեղեկատվությունն արտագաղթի տեմպերի վերաբերյալ: 

 

Հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը չունի վիճակագրական տեղեկատվություն և ինչո՞ւ է Հայաստանից արտագաղթի տեմպերի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարում Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Բայց այդ համալսարանը սոցիոլոգիական հարցումներն ու համապատասխան ուսումնասիրությունը կատարում է ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցներով»:

 

Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ պետական բյուջեից միջոցներ հատկացվում Հայ-ռուսական սլավոնական համալսարանին, չկա՞ն այլ սոցիոլոգիական կենտրոններ, որոնք կարող են նման վիճակագրություն վարել, Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Նման վիճակագրություն վարել, նշանակում է լրացուցիչ միջոցներ ծախսել, ինչի հնարավորությունը մենք չունենք, նրանց մեր բյուջեից է գումար հատկացվում»:


Գագիկ Եգանյանի ղեկավարած գերատեսչությունը չունի նաև տվյալներ այն մասին, թե Ռուսաստանի կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության շնորհիվ ՀՀ քանի քաղաքացի է մեկնել այդ երկիր մշտական բնակության:

 

-Նման թվեր մենք չունենք,-ասում է Միգրացիոն պետական ծառայության պետը՝ շեշտելով, որ համամիտ չէ մամուլում հրապարակված լուրերի հետ. «Այդ թվերն աղետաբեր չեն և «այդ տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանը կարող է դատարկվել» դիտարկման հետ համաձայն չեմ»,-վստահեցնում է Գագիկ Եգանյանը՝ Հայաստանից ամեն տարի 30.000 մարդու արտագաղթը վտանգավոր չհամարելով: 

 

 Աղավնի Սուքիասյան