Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի անդամների հետ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի մանրամասները։ Վիգեն Սարգսյանը Հանրային խորհրդի անդամներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։
Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին; Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը քննարկվելու են կրթական հաստատությունների, հասարակական կառույցների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ' առաջիկայում դրանք Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար: