«Պատիվ ունեմ» ծրագրում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն այս պահին ծրագրից միանգամից հրաժարվելը դեռևս նպատակահարմար չէ։
Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հարցին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատառումներ կան «Պատիվ ունեմ» ծրագրի հետ կապված, արդյոք շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ՝ նկատի ունենալով, որ ուսումնառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։
«Չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց ինչպես մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու հետ կապված խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Բայց քանի որ սպայական կազմի համալրման նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից ծրագրից հրաժարվելը նպատակահարմար չենք համարում։ Բայց թեման քննարկելի է և կարելի է այն լավարկել, բարելավել»,- ասաց Պապիկյանը։
«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում' դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում' այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ' յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երկու տարի ժամկետով ծառայություն անցնում զինված ուժերում։