Ժամանակն անխնա հոսում է, ինչը, սակայն, որևիցե դրական ազդեցություն չի ունենում Հայստանի տնտեսության վրա` չնայած այն հանգամանքին, որ սպասելիքները Կարապետյանի կառավարությունից չափազանց մեծ էին' պայմանավորված հատկապես ներդրումային ակումբի թվացյալ հեռանկարայնությամբ: Ամիսներ առաջ թմբկահարվող այս պրոյեկտն այսօր, կարելի է ասել, մի մեծ փուչիկի է վերածվել ու որևիցե ռեալ հիմք չունի իր խորքում' չնայած այն հանգամանքին, որ հատկապես ընտրություններին` Կարապետյանների կողմից այն մեծ հնչեղություն էր ստացել. խոսում էին ավելի քան 3 մլրդ դոլարի ներդրումների մասին, որոնք, իբր, ապահովելու էին ներդրումային ակումբի անդամները:
Պարզվում է, սակայն, ներդրումային ակումբի անդամներից շատերն անգամ ինքնուրույն գործարարներ էլ չեն ու կանգնած են ֆինանսական դժվարությունների առաջ. մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ, մասնավորապես, Արա Աբրահամյանն է այս առումով վերջերս բավական դիպուկ արտահայտվել` ասելով` ակումբում աչքի ընկնող գործարարներ չկան, ու շատերն, ովքեր Սամվել Կարապետյանի կողմից ներկայացվել են` Հայաստան ռեալ ներդրում բերողներ, իրականում լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ են գտնվում:
Համաձայնե՛ք, Արա Աբրահամյանին չհավատալու որևիցե պատճառ որևէ մեկը չի կարող ներկայացնել, քանի որ ներդրումային ակումբի փաստացի անգործությունը ինքնին հաստատում է ասվածի իսկությունը: Սակայն այս պարագայում մի մեծ հարց է առաջ գալիս' այդ դեպքում` ո՞րն էր ոչնչից աղմուկ բարձրացնելու բուն պատճառը: Պատասխանն, ինչ խոսք, ավելի քան ակնհայտ է. ընտրություններին բնակչության շրջանում դրական էմոցիաներ ապահովելն ու Կարեն Կարապետյանի դիրքերի ամրապնդումը. տրամաբանությունն ու հաշվարկը շատ պարզ էր իրականում, որ կոչված էր մի կողմից նպաստելու ՀՀԿ-ի հաղթանակին, մյուս կողմից` կուսակցությունում ուժեղացնելու Կարեն Կարապետյանի դիրքերը:
Ի՞նչ ստացվեց արդյունքում: Արդյունքում պայթեց կամ շուտով կպայթի ճոխ խոստումների փուչիկն ու ի հայտ կգա բազմամիլիարդանոց խոստման ունայնությունը, ու արդյունքում կրկին տուժողի դերում կհայտնվի հասարակ ժողովուրդը, որին ուղղակի շահարկում են, բայց ո'չ երբեք` հաշվի նստում նրա հետ:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ