Մայիսի 9-ին, Թեհրանի «Կոմիտաս» սրահում, ՀՈՒՍԿ հաստատության նախաձեռնությամբ, կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Թեհրանահայության կողմից ֆիլմը շատ ջերմ ընդունելության արժանացավ: Ֆիլմի ցուցադրությունը հուզումնալից բազմաթիվ պահեր պարգևեց հանդիսատեսին՝ նրանց ներքաշելով հակամարտության արհավիրքն ու ողբերգությունն ապրող ֆիլմի հերոսների ներաշխարհը:
Ֆիլմի ցուցադրության սկիզբն ազդարարվեց Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանի խոսքով, ով ներկայացրեց նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտությունն ու կարևորությունը տեղեկատվական ասպարեզում՝ ադրբեջանական կողմի հակահայկական ապատեղեկատվությանը դիմակայելու առումով: «Արվեստն իր պահանջներն է հետապնդում, և Ջիվան Ավետիսյանն այն եզակիներից է, ով առանց նահանջի առաջ է ընթանում դեպի իր նվիրական պարտքն ու ազգանվեր նպատակը:
Ինչպիսի մեծ հերոսություն է նրա թիմի նախաձեռնած աշխատանքը ֆինանսական սուղ պայմաններում՝ որի նպատակն է փոքր երկրների կոնֆլիկտի մասին իրականությունը միջազգային ասպարեզ հանել և միջազգային հանրության մոտ ճանաչելի դարձնել Արցախը»,- ասաց Արամ Շահնազարյանը՝ ներկաներին կոչ անելով աջակցել ռեժիսորի հաջորդ ազգանվեր և կարևոր նախաձեռնությանը՝ նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ով, որպես խորհրդատու, անմիջական մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծմանը, որի մասին կիսվեց և հանդիսատեսի հետ։ Ժ. Աբրահամյանը ներկայացրեց թե՛ ֆիլմի համար գումարի հավաքագրման և թե՛ սցենարի զարգացման բարդ աշխատանքները՝ գոհունակություն հայտնելով ստացված արդյունքից։ «Բազմաթիվ անհաղթահարելի թվացող խոչընդոտների հաղթահարման շնորհիվ է հնարավոր եղել նկարահանել այս ֆիլմը։ Այն հնարավոր դարձավ շատերի ջանքերի, բայց հատկապես Ջիվան Ավետիսյանի անկոտրում կամքի, մեծ աշխատասիրության ու իր աշխատանքի նկատմամբ ունեցած մեծ նվիրվածության շնորհիվ»,- նշեց նա:
Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո իր երախտիքի խոսքով հանդես եկավ Ջիվան Ավետիսյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին, Հայ Դատի հանձնախմբին, Ժորժիկ Աբրահամյանին, ինչպես նաև՝ Գարո Հովհաննիսյանին, ում մեծ աշխատանքի շնորհիվ իրականացվում է արդեն իր երրորդ ֆիլմի («Ընդհատված մանկություն», «Թևանիկ» ֆիլմերից հետո) ցուցադրությունն Իրանում։ Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծման և առաջխաղացման աշխատանքներին, ներառյալ՝ ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարություններին։
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ Սպահանում (Ջուղա), մայիսի 10-ին, որին ներկա էին համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ։ Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ նաև Ջուղայում։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։
«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային: