Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Երեքշաբթի Թավրիզ քաղաքում սկսվել է մայիսի 19-ին տեղի ունեցած ուղղաթիռի կործանման հետևանքով Ռաիսիի և մյուս զոհերի հոգեհանգստի արարողությունը, գրում է IRNA-ն։
Այնուհետև մարմինները կտեղափոխվեն Թեհրան, որտեղ տեղի կունենա հրաժեշտի գլխավոր արարողությունը՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ: Հինգշաբթի երեկոյան Էբրահիմ Ռաիսիին կհուղարկավորեն հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ նա ծնվել է։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին, հաղորդում են պետական լրատվամիջոցները։
Մինչև ընտրությունները, Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն, նախագահի լիազորությունները փոխանցվում են առաջին տեղակալին։ 2021 թվականից այս պաշտոնը զբաղեցնում է Մոհամմադ Մոհբերը։
Ռաիսիին, ինչպես նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և ևս վեց հոգու տեղափոխող ուղղաթիռը անհետացել է Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում մայիսի 19-ի երեկոյան։ Իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու երկրների սահմանին՝ Արաքս գետի վրա, ամբարտակի բացումն արեցին։ Ընդհանուր առմամբ, Իրանի նախագահի ավտոշարասյունում եղել է երեք ուղղաթիռ, որոնցից երկուսը բարեհաջող վայրէջք են կատարել։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ ուղղաթիռը կարող էր կործանվել ինչ-որ տեխնիկական անսարքության պատճառով։