Հազարավոր գյումրեցիներ հավաքվել են Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու մոտ վերջին հրաժեշտը տալու վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին: Փոքրիկի հուղարկավորությանը ներկա են ՀՀ ԱԺ փոխնախագահներ Է դուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, բազմաթիվ պատգամավորներ, հասարակական եւ մշակութային գործիչներ: Փոքրիկի հուղարկավորությունը կկայանա «Շիրակ» գերեզմանատանը' հարազատների կողքին:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուս ական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

 

ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ' քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին: