Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղը վերջին հրաժեշտն է տալիս իր հերոս զավակին՝ Հայոց բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանին, ով այս տարվա դեկտեմբերի 8-ին զոհվել է մարտական հենակետում, թշնամու դիպուկահարի արձակած գնդակից՝ հետմահու ԼՂՀ Նախագահ Բակո սահակյանի կողմից պարգևատրվելով «Մարտական խաչ» շքանշանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը, արդեն երկու օր է, ինչ Գեղհովիտի բազմահազարանոց բնակչությունը, գյուղի երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվներն ու աշակերտները, գյուղապետարանի աշխատակիցները, Մարտունու շրջանի համայնքների բնակիչներ, պետական զանազան պաշտոնյաներ են այցելում հերոսի մահով ընկած հայորդու ծնողներին ու հարազատներին՝ հայտնելով իրենց ցավակցությունն ու զորակցությունը:
«Գարիկը մեր դպրոցի համեստ, սիրված, պարտաճանաչ աշակերտներից մեկն էր: Նրա կորուստը սգում են մանկավարժները, դպրոցականները, գյուղի բոլոր մարդիկ: Գարիկի աճյունը կամփոփվի Արցախյան ազատամարտում զոհված գեղհովիտցի Հարություն Սաֆարյանի կողքին: Դպրոցում կբացվի նրա փառքի անկյունը: Մանկավարժներն ու աշակերտները սիրահոժար հանգանակություն են հավաքում՝ Գարիկի ընտանիքի նյութական վիճակը թեթևացնելու համար»,- նշեց դպրոցի տնօրենը: Իսկ Գեղհովիտի համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը հավաստեց, որ գյուղապետարանը հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված մարտիկի ընտանիքին կհատկացնի 300 հազար դրամ: Գարիկ Իսպիրյանի հուղարկավորությունը տեղի կունենա զինվորական կարգով, դեկտեմբերի 11-ին, Գեղհովիտի գերեզմանոցում:
Խոսրով Խլղաթյան