«Մեր քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցվող դպրոցներ և մանկապարտեզներ: Երևանի քաղաքապետարանը շարունակում է դպրոցների և մանկապարտեզների մասնակի և ամբողջական վերանորոգման պլանավորում իրականացնել: Ես ուզում եմ հատուկ շեշտել նաև համացանցում լայն քննարկումների պատճառ դարձած՝ մանկապարտեզներում հերթագրումների խնդիրը: Բազմաթիվ մանկապարտեզներ վաճառվել են և այսօրվա իշխանությունը կապ չունի դրա հետ, շենքեր չկան, բայց մանկապարտեզների հերթագրման խնդիրը մեր օրակարգում է և հերթագրումների հարցը կլուծվի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, որ Կառավարության մայիսի 10-ի նիստում վարչապետը հնչեցրեց հանձնարակական, ըստ որի, կրթության ոլորտում անհարժեշտ են լուրջ բարեփոխումներ, ՀՀԿ-ական ավագանու թեկնածուն ասաց. «Ես համաձայն չեմ, որ կրթության որակը վատն է: Պետք չէ մի քանի մասնավոր օրինակով զրոյացնել այն աշխատանքը, որը կատարվում է»:
Մեր հաջորդ դիտարկմանն՝ ինչպե՞ս է վերաբերվում Կառավարության կողմից դպրոցների օպտիմալացման վերաբերյալ հնչեցված հանձարարականին, Արմինե Հովհաննիսյանը նշեց. «Մենք այդ քայլով ծախսերը կկրճատենք, երեխաներին տրանսպորտով կտեղափոխենք գյուղից գյուղ և ի վերջո՝ հաճելի է, երբ դասարանում սովորում է ոչ թե 3, այլ գոնե 15 աշակերտ»:
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրենը չհամաձայնեց տեսակետի հետ, որ ուսուցիչները ցածր աշխատավարձ են ստանում. «Մենք ժամանակին չէինք էլ ստանում, և ես կարծում եմ, որ ուսուցչի աշխատանքը գնահատվում է նաև ծնողի ասած մեկ շնորհակալությամբ, նրանք նաև կարողանում են օգտվել սոցփաթեթներից»:
Աղավնի Սուքիասյան