Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստան-Թուրքիա երկխոսություն» ծրագրի շրջանակներում մայիսի 14-ին թուրքական թատերախումբը Գյումրիում ներկայացրեց Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» պիեսը: Բեմադրությունը գյումերցիներին է ներկայացվել թուրքերեն լեզվով: 

 

Թուրքական Բուրսա Նիլուֆերի թատերախմբի ներկայացումը բեմադրվել է գրեթե կիսադատարկ դահլիճում, պատկան կառույցներից էլ պաշտոնյաներ չեն եղել: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը, խոսելով հայ-թուրքական մշակութային համագործակցության այդ ձևաչափի և, մասնավորապես, թուրքական թատերախմբի՝ Գյումրի այցելության մասին, նշեց. «Տեղյակ եմ, որ Գյումրիում թուրքական թատերախումբը Հակոբ Պարոնյան է ներկայացրել: Ես կխոսեմ խնդրի մասին ավելի ընդհանրական ձևաչափով: Մշակութային համագործակցության համար անհրաժեշտ է համագործակցել բոլոր ազգերի հետ, և այստեղ պետք է առանձնացնել շատ կարևոր մի դիտարկում՝ մշակութային համագոծակցությանը պետք է զարկ տալ՝ առանց քաղաքականության»: 


Դիտարկմանը՝ հաշվի առնելով հայ-թուրքական պատմական անցյալն, այս երկու ազգերը կարո՞ղ են երկխոսել, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց.«Կան թուրք գրողներ, ովքեր Հայոց ցեղասպանության մասին լուրջ գործեր են գրել, և սա փաստում է, որ մեր երկու ազգերի միջև ինչ-որ եզրեր կարելի է գտնել, կարծում եմ՝ դրանք առկա են»:

 

Հարցին՝ եթե իրեն առաջարկեն թուրքական թատերախմբի հետ համագործակցել և բեմադրել, օրինակ, Հակոբ Պարոնյանի մեկ այլ պիես, կհամաձայնի՞, բեմադրիչը պատասխանեց. «Այո՛, իհա՛րկե, ի՞նչ կա, որ»: 


Ճշտող հարցին էլ՝ չկա՞ մտավախություն, որ թուրքերը կարող են գողանալ հայերի ստեղծագործական միտքը՝ այն փոփոխել և դարձնել իրենց ազգային մշակույթի տարր, վերջինս պատասխանեց. «Գողանալը ո՞րն է, չէ՛. նման մտավախություն չունեմ, թուրքերի մշակույթը վատը չէ, նրանք էլ ունեն կինոյի և թատրոնի՝ շատ արժանի գործեր»:


Աղավնի Սուքիասյան