Գյումրու քաղաքապետարանը պարբերաբար հայտնում է, որ քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայի շարժը շարքից հանում է որոշ ճանապարհների ասֆլատը:

Դեռ 2016 թվականի օգոստոսին քաղաքապետ Սամվել Բալասանյանն հայտնել էր ռուսական մի ծրագրի մասին, որը ենթադրում էր ռուսական գումարներով Գյումրու 10 կմ ճանապահի վերականգնում: 

Ըստ քաղաքապետարանի` նախորդ ամռանը Երեւանում միջպետական հանձնաժողովի նիստին մասնակցել է համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Նիստի ընթացքում ննարկվել է ՌԴ պաշտպանության կողմից Գյումրիում մոտ 10 կմ ճանապարհ վերականգնման հարցը: Խոսքը վերաբերել է այն ճանապարհներին, որոնցով անցնում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տեխնիկան:

«Մենք 2 տարի աշխատեցինք մինչեւ ՌԴ պաշտպանության նախարարություն, շատ մեծ աջակցություն ցույց տվեց մեր պատվավոր քաղաքացի Արթուր Չիլինգարովը. այսօրվա դրությամբ հասանք նրան, որ մյուս տարի 10 կմ շրջանցող ճանապարհներ մենք կառուցենք ՌԴ-ի գումարներով: Իհարկե, սա իրենց մոտ պետք է վերջնական հաստատվի, որը կհաստատվի, որովհետեւ անցած տարի ծրագրեր եղան ՌԴ պաշտպանության հետ եւ հաստատվեց, սա հնարավորություն կտա Վարդբաղի այդ ճանապարհի հետեւը, Ղարսի, Մարմաշենի խճուղիները, Շիրակացու մի հատվածը` Դուդկոյով, վերականգնել, հրաշք ծրագիր կլինի»,-2016 թվականի օգոստոսին նշել էր Ս.Բալասանյանը:

Թեպետ այս ծրագրի վերաբերյալ դեռեւս չկան  ՌԴ պաշտպանության նախարարության հստակ հայտարարությունն ու որոշումը, այնուհանդերձ Ս.Բալասանյանն ընդգծում էր, որ ՌԴ-ի կողմից Գյումրիում մոտ 10 կմ ճանապարհ վերականգնելու նախաձեռնություն կա եւ համապատասխան հանձնաժողով այցելել է:

Նախնական պայմանավորվածության համաձայն`ռուսական կողմը այս նախաձեռնության շրջանակում 2-3 ծրագիր էր իրականացնելու Գյումրիում: Հունիս-հուլիսին հայտնի էր դառնալու Գյումրիում ՌԴ-ի կողմից փողոցաշինության հարցի պատասխանը, այսինքն` արդյո՞ք մեկնարկելու է ճանապարհների վերականգնումը, եթե այո` ապա երբվանի՞ց:

Ամիսներն անցնում են, իսկ Գյումրիում ՌԴ-ի գումարներով փողոցներ չեն վերականգնվում: «Ասպարեզ»-ի հարցին ի պատասխան, Գյումրու քաղաքապետանից փոխանցում են, որ 10 կմ ճանապարհի կառուցման մասով դեռ նորություններ չկան, քաղաքապետարանը եւս սպասում է:

 

asparez.am