Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն' խալիֆայություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն ուժեղացրել է իր գործունեությունն Ադրբեջանում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի չաղ» թերթը:

Թերթը գրում է, որ ԻԼԻՊ-ը Ադրբեջանում հավաքագրում է երիտասարդներին, որոնց հետո Թուրքիայի տարածքով փոխադրում է Սիրիա: Ընդ որում, ահաբեկիչների 90 տոկոսից ավելին Սիրիա են ընկնում Թուրքիայով:

 

 

Ըստ թերթի' ադրբեջանցիներն այլեւս չեն կարող վերադառնալ «Իսլամական պետությունից»: «Հետ ճանապարհ այեւս չկա: Եթե որեւէ ադրբեջանական ընտանիք ցանկանա վերադառնալ հայրենիք, ապա նրան անմիջապես սպառնում են այն բանով, որ տանը նրանք 15 տարվա բանտարկության կենթարկվեն: Իսկ նրանք, ովքեր կարողանում են ինչ-որ կերպ դուրս գալ այնտեղից, Ադրբեջան չեն վերադառնում, այլ մեկնում են Ուկրաինա», -գրում է թերթը' նշելով, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հաճախակի գործողություններ է անցկացնում ԻԼԻՊ-ին միացածների դեմ:

 

 

Թուրքական թերթը գրում է, որ հունվարի 12-ին Գերմանիայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ներքին հետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը թուրքական իշխանություններին կոչ է արել թուրք-սիրիական սահմանում խստացնել հսկողությունը, որպեսզի արմատականների խմբերը չկարողանան թափանցել Սիրիա:

 

 

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Մաասենը հայտարարել է, որ արմատական մարտիկների 90 տոկոսը Սիրիա են թափանցում Թուրքիայի տարածքով: Նրա խոսքով' չնայած Թուրքիայի իշխանությունների այն հավաստիացումներին, թե իրենք հաջող պայքար են տանում դրա դեմ, թուրք-սիրիական սահմանը հաջողությամբ հատող արմատականների թիվը չի պակասում:

 

 

Եվրոպական Another Western Dawn News հրատարակությունը երեկ հայտնել է, որ ԻԼԻՊ-ի նոր թիրախը Բաքվի նավթահանքերն են: Ըստ հրատարակության' ԻԼԻՊ-ի «ներքին գործերի նախարար» Աբդուլ Վահիդ Խուդայար Ահմադը հավաքել է խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի ջիհադականներին, գովել նրանց տված «շեհիդներին» եւ ադրբեջանցիներին կոչ արել զենք վերցնել «Արեւմուտքի կողմից պաշտպանվող» Ադրբեջանի կառավարության դեմ:

 

 

Հոդվածում նշվում է, որ ԻԼԻՊ-ը սկսում է ապակայունացնող իրավիճակ ստեղծելու ծրագրեր կազմել նախկին խորհրդային հանրապետություններում, մասնավորապես' Ադրբեջանում, որտեղից հարյուրավոր քաղաքացիների հոսք կա դեպի Սիրիա, որպեսզի մասնակցեն նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ պատերազմին:

 

 

Իր ելույթում Խուդայար Ահմադը նաեւ «լեգենդար» է անվանել Բաքվի նավթահանքերը եւ հիշեցրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրանց էր ձգտել նաեւ հիտլերյան Գերմանիան: «Մենք պետք է ազատագրենք Բաքուն' ամենաթանկարժեք իսլամական քաղաքներից մեկը: Անկասկած, Ադրբեջանն ու նրա բնական հարստությունները վերականգնվելու են իսլամական աշխարհում», -ասել է Խուդայարը:

 

 

Հրատարակությունը նաեւ նշում է, որ իսլամական ջիհադը ֆինանսավորող սաուդարաբյան միլիոնատերերը դեռեւս 1998 թվականին են սկսել ձեւավորել Ադրբեջանի արմատական մարտիկների ընդհատակյա ցանցը, իսկ հետո օժանդակել են նրանց հոսքին Սիրիա:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: