Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկները հյուպատոսությունից 2 մլն դոլար են տարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել վերջերս:

 

Նշվում է, որ Անկարայից հնչած' «Թուրքիան մահմեդական երկիր է, ԻԼԻՊ-ը չի հարձակվի» հայտարարությունից հանգստացած թուրքական հյուպատոսության պատախանատուները' տեսնելով, որ գրոհայիններն արդեն մուտք են գործում շենք, փախել են հյուպատոսությունից:

 

«Հարձակումից հետո պատանդված' Մոսուլում թուրք հյուպատոս Օզթուրք Յըլմազի ինքնությունը երեք օր գաղտնի է պահվել ԻԼԻՊ-ի գրոհայիններից: Սակայն, նրա ինքնությունը պարզելուց հետո գրոհայինները գտել եւ տարել են 2 մլն դոլար թղթադրամներով լի պայուսակը, իսկ Յըլմազին հաջողվել է այրել հյուպատոսության գաղտնի փաստաթղթերը», -գրում է թուրքական «Միլիեթ»-ը:

 

Նշվում է, որ մեծ կաշառքի, ինչպես նաեւ Թուրքիայում ԻԼԻՊ-ի անդամ բանտարկյալների ազատ արձակելու դիմաց հյուպատոսության 49 աշխատակիցներին Թուրքիա փոխադրելուց հետո հյուպաոս Յըլմազի հետ միասին նրանք բոլորը հարցաքննվել են եւ նոր մանրամասներ ի հայտ եկել: Սակայն, չնայած այդ բոլորին, Թուրքիային պատկանող 2 մլն դոլարը ԻԼԻՊ-ի կողմից ձեռք բերվելու մասին ո’չ Թուրքիայի ազգային հետախուզակլան կազմակերպությունը, ո’չ էլ արտաքին գործերի նախարարությունը որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:-